Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է փոխվարչապետներին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: «Մենք կարևոր աշխատանք ունենք անելու և պետք է արդարացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը, որովհետև չպետք է մոռանանք, որ այստեղ ենք՝ ժողովրդի որոշմամբ և այստեղից պետք է հեռանանք կրկին նրա որոշմամբ: Սրանք են մեր գործունեության մեկնարկի և ավարտի մասին պատկերացումները և այս միջակայքում պետք է ծառայենք ՀՀ քաղաքացիներին ու հայ ժողովրդին: Կառավարության գործունեությունը լինելու է հետևյալ տրամաբանությամբ. պետք է արդյունավետ քայլեր իրականացնենք և եթե որևէ քայլի ճշմարտացիության հարցում համոզված ենք, հաշվի առնելով առկա փաստարկները, ապա պետք է դրանք կիսենք հանրության հետ և նրան կարողանանք համոզել նույնկերպ, ինչպես ինքներս ենք համոզվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա պետք է լինի կառավարության գործելակերպը, ինչը բխում է ժողովրդավարության կանոններից: