Ո՞վ է ասում, որ սա առաջխաղացում է. ԱԱԾ սահմանապահ զորքերի նորանշանակ հրամանատարը` իր նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին: Այս նշանակումը, սակայն, պատահական չէ. ապրիլի 23-ին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տեւած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ համազգեստներով: Եվ Սարգսյանը եղել է հենց այդ բրիգադի հրամանատարը: Հիմա շատերը հակված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանակելը կապված է հենց այդ դեպքի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԱԾ սահմանապահ զորքերի նորանշանակ հրամանատար Վաղինակ Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ համազգեստներով, որից հետո ՊՆ-ում տեղեկություններ տարածվեցին, որ նոր իշխանությունները կարծես թե վարձահատույց եղան Ձեզ, եւ Դուք նշանակվեցիք ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար:

-Ո՛չ, ո՛չ, նման բան գոյություն չունի, միանշնակ ո՛չ, դա վարձահատույց լինելու հետ կապ չունի, որտեղ պետությունը ասում է, այնտեղ էլ գնում, ծառայում ենք: Վաղը կասեն` գնացե՛ք, սարի գլխին ծառայե՛ք, կգնանք, կծառայենք:

-Այսինքն` զորքին, որ թույլ էիք տվել դուրս գալ, միանալ ակցիային, կապ չունի Ձեր նոր պաշտոն ստանալու հետ:

-Ո՛չ, ո՛չ, եթե ես տեղյակ լինեի, ինչու պետք է զորքիս թողնեի, չի կարող լինել նման բան: Իսկ ով է ասում, որ սա առաջխաղացում է, նույն կերպ ես եղել եմ հետախուզության վարչության պետ, խաղաղապահ բրիգադն էլ պակաս պատվավոր գեներալի հաստիք չէ:

-Ինչո՞ւ Դուք:

-Նույն հաջողությամբ կարող եք հարցնել, թե ինչու ինձ ժամանակին տվեցին հետախուզության վարչության պետ, ինչու ինձ ժամանակին 10 տարով ուղարկեցին Չինաստան. ծառայություն է սա:

-Ըստ տեղեկություների` Ձեր նշանակումը սահմանապահ զորքերում այդքան էլ լավ չեն ընդունել, եղել են դժգոհություններ:

-Ինձ նորմալ ընդունել են, խնդիր չկա, եթե վատ կծառայեմ, կասեն` վե՛ր կաց, գնա՛ այստեղից, եթե լավ կծառայեմ, կասեն` ապրե՛ս, գնա՛, ուրիշ տեղ ծառայի՛:

Քնար Մանուկյան




Լրահոս