«Business in FAANG style». Կյել Նորդստրյոմը ելույթ կունենա հայաստանյան լսարանի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում ձևափոխվում են կազմակերպությունները, մոտեցումներն ու մեթոդները, տարբեր սերունդների՝ կյանքի առաջնահերթություններն ու արժեքները, ինչպես նաև մարդկային հարաբերությունները: Այս ամենից անմասն չի մնում նաև բիզնես ոլորտը. արդյունքում փոխվում են կազմակերպությունների կառուցվածքային ձևերն ու կառավարման ռազմավարությունները:

Skill.am-ի նախաձեռնությամբ իրականացվող #WTSA («Համաշխարհային թոփ բանախոսները Հայաստանում») նախագծի շրջանակում՝ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանում ինսայթ սեսիայով հանդես կգա ականավոր շվեդ տնտեսագետ, գիտական աշխատությունների հեղինակ և բիզնես վերլուծաբան Կյել Նորդստրյոմը՝ Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը հանդիսացող «Business in FAANG style. ապագա առաջնորդների և կազմակերպությունների ռազմավարություն» դասախոսությամբ՝ ինսայթ սեսիայի ձևաչափով։ Կյել Նորդստրյոմը երկու անգամ գլխավորել է «The Thinkers 50» համաշխարհային վարկանիշային ցուցակը և համարվում է դարի ամենահայտնի և պարադոքսալ մտածողներից մեկը:

Միջոցառման գլխավոր գործընկերն է հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Միջոցառման մասնակիցները կծանոթանան ժամանակակից գործարար միջավայրի մասին պատմող «Funky Business» բեսթսելերի համահեղինակ Կյել Նորդստրյոմի տեսակետներին: Բանախոսը լսարանին կներկայացնի տարիների իր փորձն ու ապագայի առաջնորդների և կազմակերպությունների ռազմավարությանը վերաբերող գաղտնիքներ, մասնավորապես՝ թե ինչպես է կազմակերպական կառուցվածքն ազդում տեխնոլոգիական խոշոր փոփոխությունների վրա՝ փոխելով արժեհամակարգեր:

«Ապագայի մրցավազքում ձախողում է նա, ով չի մասնակցում դրան»
«FAANG»-ը սահմանում է բիզնես միջավայրի նոր ստանդարտ: Հապավումն առաջացել է ժամանակակից աշխարհում բիզնես գործունեություն իրականացնող ամենաարդյունավետ ընկերություններից մի քանիսի անվանումների առաջին տառերից: Դրանք են «Facebook», «Apple», «Amazon», «Netflix» և «Google» ընկերությունները։

Ըստ Նորդստրյոմի՝ հաջողակ են այն կազմակերպությունները, որոնց ռազմավարությունը համապատասխանում է նշված ընկերությունների գործառնական համակարգերի հիմքում ընկած տրամաբանությանը:

Կյել Նորդստրյոմը բիզնես ոլորտի՝ ներկայում ամենապահանջարկված մտածողներից մեկն է։ 1999թ.-ին լույս տեսած «Funky business» համաշխարհային բեսթսելերն անդրադառնում է 21-րդ դարի նոր բիզնես միտումներին: Նորդստրյոմի հետազոտություններն ու խորհրդատվական գործունեությունը կենտրոնացած են միջազգային կորպորացիաների ռազմավարական կառավարման և գլոբալացման գործընթացների վրա:

Ինսայթ սեսիայի մասնակցության հայտերն ընդունվում են, և բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել՝ այցելելով www.skill.am կայք: Ինսայթ սեսիան անցկացվելու է անգլերենով՝ միաժամանակյա ռուսերեն թարգմանությամբ:

«Funky Business » գրքի մասին.

Գրքի հեղինակներն են Կյել Նորդստրյոմն ու Յոնաս Ռիդեստրալը, որոնք 21-րդ դարի իրականությունն անվանում են «ֆանկ դարաշրջան»։ Այս ժամանակաշրջանում հին խաղի կանոններն այլևս չեն գործում։

Գրքի հիմնական եզրահանգումն այն է, որ այս երկու շվեդ տնտեսագետների կողմից իրականացված դիտարկումներն օգնում են ավելի լավ հասկանալ 21-րդ դարի անկայունությունը, ինչպես նաև՝ աշխարհի հետագա զարգացման վեկտորը: Գիրքը կօգնի ավելի արդյունավետ և ճշգրիտ որոշումներ կայացնել։ Չնայած նրան, որ գիրքը գրվել է 19 տարի առաջ, նրանում ամփոփված դիտարկումներն ակտուալ են նաև այսօր։ Գիրքը թարգմանվել է 33 լեզուներով և շատերն այն համարում են նոր աշխարհի մանիֆեստը:




Լրահոս