Lifehacker.ru-ն գրում է, որ առավոտյան գլխացավը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ սկսած ալկոհոլի չարաշահումից՝ մինչև լուրջ հիվանդություններ: Այդ պատճառով չի կարելի այն անուշադրության մատնել:
Քիչ եք քնում: Նորմալ գործելու համար օրգանիզմը 7-8 ժամ քնի կարիք ունի: Եթե անհրաժեշտ չափով չեք հանգստանում, օրգանիզմն անցնում է այլ ռեժիմի. սիրտը սկսում է ավելի հաճախ զարկել, բարձրանում է ճնշումը: Այս ամենը նպաստում է գլխացավի առաջացմանը:
Շատ եք քնում: Եթե գիշերը 9 ժամից ավելի եք քնում, սերոտոնինի մակարդակը նվազում է, ինչը նվազեցնում է արյան հոսքը դեպի գլխուղեղ և գլխացավ առաջացնում: Դա է պատճառը, որ երկար քնելուց հետո կարող եք վատ ինքնազգացողություն ունենալ: Այս գլխացավն առավել հաճախ հանդիպում է հանգստյան օրերին, երբ հնարավորություն կա մի փոքր ավելի շատ քնելու:
Էնդորֆիններ: Առավոտյան օրգանիզմը քիչ քանակով էնդորֆին է արտադրում. սրանք հայտնի են՝ որպես երջանկության հորմոններ: Որոշ դեպքերում սա գլխացավերի առաջացման պատճառ է դառնում: Խնդիրն այն է, որ էնդորֆինների ցածր մակարդակը կարող է ազդել սերոտոնինի մակարդակի վրա: Այս հորմոնի արտադրության նվազումը հանգեցնում է անոթների սեղմման, ինչն իր հերթին՝ հանգեցնում է ուղեղ արյան հոսքի կրճատման և կարող է գլխացավի առաջացման պատճառ դառնալ: Այս դեպքում գլխացավերից ազատվելու լավագույն եղանակը կարող է դառնալ առավոտյան մարզանքը. ֆիզիկական ակտիվությունը խթանում է էնդորֆինների արտադրությունը:
Ալկոհոլի օգտագործում: Ալկոհոլի չարաշահումը կարող է լուրջ գլխացավերի պատճառ դառնալ: Նույնիսկ քիչ քանակով ալկոհոլի օգտագործումը կարող է տհաճ գլխացավի պատճառ դառնալ, քանի որ նվազում է արյան հոսքը դեպի ուղեղ: Բացի այդ՝ ալկոհոլը կարող է խանգարել որակյալ քնին՝ գլխացավի առաջացման ևս մեկ պատճառ:
Խռմփացնում եք: Խռմփոցը վկայում է քնի ընթացքում շնչառության ժամանակավոր դադարի մասին: Դա տևում է մի քանի վայրկյան, բայց հանգեցնում է ուղեղում թթվածնի քանակի նվազման: Արդյունքում՝ նաև գլխացավեր են առաջանում:
Ուշ եք սուրճ խմել: Կոֆեինը խթանում է նյարդային համակարգը: Եթե պարբերաբար սուրճ եք խմում և չեք ստացել օրվա քանակը, կարող է գլխացավ առաջանալ: Սննդակարգից կոֆեինի բացառումը հանգեցնում է գլխուղեղի արյունատար անոթների լայնացման, ինչի հետևանքով՝ մեծանում է արյան շրջանառությունը, բարձրանում ճնշումը, որը գլխացավ է առաջացնում:
Դեպրեսիա: Դեպրեսիայի դեպքում գլխացավը կարող է նկատվել օրվա ցանկացած ժամի: Դա կապված է սերոտոնինի ցածր մակարդակի հետ: Առավել հաճախ գլխացավը կարող է զգացվել առավոտյան ժամերին:
Զարկերակային բարձր ճնշում: Սա գլխացավի ամենատարածված պատճառներից մեկն է: Մարդկանց մեծ մասը չի էլ կասկածում, որ զարկերակային ճնշումը բարձր է, քանի դեռ, գլխացավից բացի, այլ նշաններ չեն արտահայտվում: