Չորաթաղի դպրոցի տնօրենին իրավապահները հարցեր են ուղղել. զինվորներին չհասած օգնության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի զինվորներին օգնություններ են ուղարկվել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան եւ Չորաթան գյուղերի միջնակարգ դպրոցներից, սակայն դրանք վերջերս հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ-ի կատարած խուզարկության ժամանակ:

Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավանի դպրոցի տնօրեն Ռուբիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք աշակերտներին չեն պարտադրել գումարներ հանգանակել, մի քանի դասարանների աշակերտներ այդ նպատակով նվիրաբերել են 300-ական, դպրոցի ուսուցիչները՝ 500-1000-ական դրամ, այդ գումարով Բերդ քաղաքում կիսագուլպա, շապիկներ, սիգարետ, դեղորայք, ատամի մածուկ, խոզանակ, խտացրած կաթ են գնել: Տնօրենի վկայությամբ` Վերին Ծաղկավանից, Պառավաքարից եւ Վարագավանից հանգանակված օգնությունը հավաքվել է Վարագավան գյուղում, որտեղից ավտոմեքենայով տեղափոխվել է, սակայն չգիտեն, թե ուր: Ադրբեջանին սահմանակից Չորաթանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանն այդ կրթօջախը ղեկավարում է 2011 թվականից:

Նա հայտնեց, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցի աշակերտները, վերջիններիս ծնողները խանութներից թխվածքաբլիթ, թեյ, մակարոնեղեն եւ այլ շուտ չփչացող սննդամթերք են գնել: Չորաթանի դպրոցի ուսուցիչները Արցախի զինվորների համար ծխախոտ են գնել, եւ այդ ամբողջ օգնությունը դպրոցի տնօրեննիր անձնական օգտագործման ավոտոմեքենայով տեղափոխել է Բերդ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոց: Դպրոցի տնօրենը չգիտի, թե այդտեղից ուր է ուղարկվել Արցախի զինվորների համար նախատեսված սննդամթերքն ու ծխախոտը:

Նա ասաց, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Չորաթանի բնակիչները գյուղի սահմանագիծը պաշտպանող զինվորների հետ եղել են Չորաթան գյուղի առաջնագծում, եւ եթե իրենք իմանային, որ Արցախի պաշտպանների համար նախատեսված օգնությունն այլ տեղ կուղարկվեր, ապա իրենք այդ օգնությունը կտրամադրեին հայրենի Չորաթանի պաշտպաններին: Վ. Զարգարյանը հայտնեց, որ իրավապահները մի քանի օր առաջ իրեն Իջեւան քաղաքում հարցեր են ուղղել Չորաթանում հանգանակված, հետո Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնված օգնության վերաբերյալ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս