Հայաստանի Հանրապետական կուսակցության վիճակն իսկապես աննախանձելի է: Մինչ իրավապահ համակարգը հերթական աղմկահարույց բացահայտումներն է անում այդ կուսակցության հետ փոխկապակցված անձանց մասին, երբեմնի հզոր ու իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի շարքերը գնալով նոսրանում են։
Իհարկե, կուսակցության կարկառուն ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ պահել ՀՀԿ-ն, ակտիվ գործունեություն ծավալել՝ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում մարդկանց մոտ էյֆորիան կանցնի: Չնայած, եթե անկեղծ լինենք, ՀՀԿ իշխանության տարիներին երկրում տիրող իրավիճակը, կոռուպցիայի խայտառակ ծավալները հիշելով` ոչ մի ողջամիտ անձնավորություն չի մտածի նույն այդ ուժին ետ բերելու մասին:
Հիմա երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բազմաթիվ Հանրապետականներ են դիմումներ գրել՝ դադարեցնելով իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Ընդ որում` բացի ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից, կուսակցությունը լքելու դիմումներ են ներկայացնում նաեւ շարքային հանրապետականները՝ դպրոցի տնօրեններ, գյուղապետեր: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ից հեռանալու դիմում են գրում անգամ ընտրությունների ժամանակ մշտապես նրա օգտին աշխատածները: Եվ չի բացառվում, որ առաջիկա ընտրություններում վերջիններս սկսեն աշխատել արդեն Նիկոլ Փաշինյանի թիմի համար:
Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ որքան էլ կառավարության ծրագրում ամրագրված է առավելագույնը մեկ տարում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դրույթը, սակայն ՀՀԿ-ում այնքան էլ հակված չեն այդ դրույթի` գոնե այս տարի իրականացմանը: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, թե իրենք չեն տեսնում խորհրդարանի ցրման մեխանիզմներ, եւ որքան էլ կառավարության ծրագրում այդ դրույթը առկա է, սակայն նրանք ավելի վեր են դասում Սահմանադրությունը, որտեղ էլ չկան խորհրդարանը ցրելու հիմքեր: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընդհանուր որոշման գալ, հրաժարական տալ եւ երկու անգամ վարչապետի ընտրությունները տապալելուց հետո խորհրդարանը ցրել: Սակայն հիմա մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, թե այդ դեպքում իրենք իրենց թեկնածուն կառաջադրեն, այլ ոչ թե չեն առաջադրի, եւ այդպիսով խորհրդարանը ցրել չի լինի:
Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ վերջին շրջանում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այնքան էլ ակտիվ չի զբաղվում կուսակցական հարցերով՝ գերադասելով այդ հարցերը վստահել փոխնախագահներին եւ կուսակցության Գործադիր մարմնի անդամներին: Սերժ Սարգսյանը նույնիսկ կուսակցության կենտրոնական գրասենյակ է ուշ-ուշ այցելում, սակայն ՀՀԿ-ականներն ասում են՝ հեռախոսազանգերի միջոցով միշտ կապի մեջ է լինում կուսակիցների հետ: Սերժ Սարգսյանը միայն Գործադիր մարմնի նիստերի օրերին է հանդիպում կուսակիցներին, դեմ առ դեմ քննարկումներ անցկացնում նրանց հետ: Միաժամանակ, վերջին շրջանում Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ականներից շատերը պարբերաբար կապի մեջ են լինում Արցախի ղեկավարության, այդ թվում՝ Բակո Սահակյանի հետ: Սահմանում տիրող իրավիճակը երկու կողմերին էլ անհանգստացնում է, եւ նրանց զրույցի հիմնական թեման էլ հենց դա է լինում:
«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն որոշել է դեռ այս տարի համագումար չանել եւ բավարարվել միայն խորհրդի նիստով, որի ժամանակ էլ կընտրեն կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Հիշում եք՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվեց այդ պաշտոնից: Որպես հիմնական թեկնածու շարունակվում է քննարկվել Վիգեն Սարգսյանի անունը: Իսկ ահա Կարեն Կարապետյանը չնայած հրաժարվել է առաջին տեղակալի պաշտոնից, սակայն պարտաճանաչ մասնակցում է ԳՄ նիստերին: Մի քանի օր առաջ նա մեկնել էր Հայաստանից, սակայն մեր տեղեկություններով` վերադարձել է եւ նախօրեին ներկա եղել «Տրանսգազ» ընկերության տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի հոգեհանգստին, ով նրա մտերիմ ընկերներից էր:
Բացի այդ, ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ սպասում են նոր կառավարության ձախողումներին, մասնավորապես հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հետհեղափոխական էյֆորիան կանցնի, ներդրումներ չեն գա, աշխատավարձերն ու թոշակներն այդպես էլ չեն բարձրանա, եւ մարդիկ նաեւ այս կառավարությունից կսկսեն դժգոհել: Ինչպես ասում են, երազելը վնաս չէ, մանավանդ, երբ հավը երազում կորկոտ է տեսնում:
Նաիրա Հովհաննիսյան