Հուլիսի 13-ին Վանաձոր քաղաքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում-խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:
Հանդիպման նպատակն էր անձամբ շփվել դատավորների հետ, տեղում ծանոթանալ հուզող խնդիրներին, ինչպես նաև նրանց իրազեկ դարձնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին:
Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է դատարանների ծանրաբեռնվածության բազմագործոն խնդիրների ուսումնասիրությունը, հիմնավորվածությունը, լուծման հնարավոր ուղիների իրավաչափությունը, ինչպես նաև դատարանների նյութատեխնիկական ապահովման անհրաժեշտությունը:
Խորհուրդն անդրադարձավ նաև պետաիշխանական հարաբերություններում դատական իշխանության ֆունկցիոնալ գործունեության հստակեցման կարևորությանը՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ դատական իշխանության հակակշռող ու զսպող դերակատարությամբ:
Առանձնակի կարևորվեց նաև արդարադատության ոլորտում կոռուպցիոն դրսևորումների բացառումը, Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. ապրիլի 12-ի որոշման հետևողական իրացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումն ու դատական իշխանության բարեփոխումներին ուղղված այլ ծրագրերի կյանքի կոչումը: Հարցերի առնչությամբ դատավորները հայտնեցին իրենց դիրքորոշումները, կարծիքներն ու դիտարկումները:
Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրություն: Դատարանի նախագահ ընտրվեց Մուշեղ Հարությունյանը՝ 7 ձայնով:
Այսօր կազմակերպվեց և անցկացվեց նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նոր ընտրություն: Բարձրագույն դատական խորհրդի քվեարկության արդյունքում՝ դատարանի նախագահ ընտրվեց Հրաչիկ
Սարգսյանը:
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն