«Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար». «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է.««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների համար կանխատեսելի էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին ոչ թե նոր քաղաքապետ ընտրելու, այլ այն լուծարելու ճանապարհը կնախընտրի: Ասել է թե, սարերի հետևում չէ այն օրը, երբ մայրաքաղաքի բնակիչը կրկին առիթ կունենա նոր ավագանի ընտրել: Ու թեև դեռ հստակ չէ, թե այդ ընտրությանը ո՞ր կուսակցությունները մասնակցության հայտ կներկայացնեն, սակայն ԲՀԿ–ն, ինչպես ավելի վաղ հայտարարել են, անպայման մասնակցելու է արտահերթ ընտրություններին:

Ուշագրավը, սակայն, այն է, որ ավագանու վերջին նիստի ժամանակ կայացված որոշման թանաքը դեռ չէր չորացել, երբ սոցիալական ցանցերում սկսվեցին քնարկումներ, թե ԲՀԿ Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու է Նարիա Զոհրաբյանը: «Փաստ»–ը փորձեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից պարզել, թե արդյո՞ք իրական են այդ խոսակցությունները: «Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի կայացրած միայն մեկ քաղաքական որոշում՝ մենք անպայմանորեն մասնակցելու ենք ավագանու արտահերթ ընտրություններին: Ով կգլխավորի ԲՀԿ համամասնական ցուցակն, այս պահին դեռ քննարկվում է: Միայն մեկ բան կարող եմ ասել, որ այն լինելու է արժանապատիվ ցուցակ, քաղաքական գործիչների ցուցակ, ովքեր հստակ հասկանում են Երևանի կառավարման առանձնահատկությունները, գիտեն մայրաքաղաքի խնդիրները: Մենք առաջարկելու ենք Երևանի կառավարման այն մոդելը, որն իսկապես լինելու է արդյունավետ և համոզված ենք, որ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը չի ամբողջանա, եթե թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական նույնպիսի որակի ընտրություններ չլինեն: Հակառակ դեպքում հեղափոխության արժեքը միանշանակ կզրոյանա»,– ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ վստահ է և ուզում է հավատալ, որ այս ընտրություններում Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ վարչական ռեսուրս և ընտրակաշառք չեն բաժանվելու, և իսկապես տեղի են ունենալու արդար ընտրություններ:

Պատգամավորի կարծիքով, պետք է նաև թույլ չտալ, որ ընտրությունները «մորդոբոյ» հիշեցնեն, կեղտոտ քարոզչական հնարքներով և գոտկատեղից ներքև հարվածներով ընթանան: Եվ կոչ արեց բոլոր մրցակիցներին՝ ոչ թե միմյանց ոչնչացնելու ճանապարհով գնալ, այլ յուրաքանչյուրը Երևանի զարգացման իր ծրագիրը ներկայացնի երևանցու դատին:

«Բարգավաճ Հայաստանը» գալիս է օգնելու նոր իշխանությանը: Մենք ասում ենք՝ ունենք մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրները լուծելու տեսլական: Արդար ընտրության արդյունքում երևանցին ում կտա վստահության իր քվեն, պարզ կլինի հետագայում, բայց եթե վստահության առավելագույն քվեն չտա մեզ և եթե ընտրությունները լինեն արդար, մենք պատրաստ ենք սեղմել հաղթողի ձեռքը և միասին լուծել Երևանի առջև ծառացած խնդիրները: Եվ այն անառողջ դեբատը, որը սկսվել է սոցիալական ցանցերում, թե իբր անկախ նրանից՝ թեկնածուն պրոֆեսիոնալ է, թե ոչ, ում էլ որոշի իշխող կուսակցությունը, նա էլ դառնալու է քաղաքապետ, ընդունելի չէ և չի կարելի նման ձևով մոտենալ հարցերին»,– ասաց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ այդօրինակ արտահայտություններն իրեն հիշեցնում են «պոլի փայտ լինի, ՀՀՇ–ից լինի», «անպատրաստ լինի, Հանրապետականից լինի» «կարգախոսները»: Եվ պետք է բոլորն ազնիվ լինեն միմյանց հանդեպ և կարողանան արդար գնահատել բոլոր ուժերին:

«Ես հասկանում եմ, որ կա հանրային մեծ վստահություն ունեցող Նիկոլ Փաշինյան, բայց ես ասել եմ` Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար: Ցանկացած բնագավառում պետք է աշխատի պրոֆեսիոնալ, մաքուր կենսագրությամբ, սկզբունքային, կոռուպցիայի հետ կապ չունեցող մարդ: Այս սկզբունքներով առաջնորդվելու դեպքում վստահ եմ` կհաղթի Երևանը և երևանցին:

Պետք չէ ցանկացած քայլարշվին մասնակցածի որպես քաղաքապետի թեկնածու ներկայացնել: Եվ եթե լինի պրոֆեսիոնալ, ով հասկանում է քաղաքի խնդիրները, ապա մենք երկու ձեռքով կողմ կլինենք, որ ընտրվի արժանավորը: Եվ ի վերջո, հանդուրժողականության հեղափոխությունը եղել է նրա համար, որ այլևս չգործի՝ իմ թիմից է, ուրեմն բացարձակ մեկնարկային առավելություն ունի սկզբունքը: Սա անընդունելի է, քանի որ կփչացնի այն կարևոր ձեռքբերումը, որը մենք բոլորս միասին ունեցանք»,– համոզված է Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» սիրո, բարության, հանդուրժողականության կոդերով է ընտրության գնալու և ասելու է, որ գալիս են օգնելու, երևանցիներին իրենց ծառայությունն առաջարկելու: Այդ դեպքում կվստահեն՝ լավ, չեն վստահի՝ կսեղմեն հաղթողի ձեռքը, բայց միայն այն հաղթողի, ով ազատ և արդար ընտրության արդյունքում է նվաճել այդ աթոռը:

Խոսելով ՀՀԿ–ի՝ ավագանու ընտրություններին հնարավոր չմասնակցելու մասին, նա նշեց, որ գուցե նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրենք այլևս բացարձակ վստահություն չունեն հանրության շրջանում: Եվ, հավանաբար, մարտավարական առումով կարծում են, որ այս փուլում ընտրության գնալ ու ջախջախվելն ավելի վնասակար կլինի, քան առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելը:

«Քաղաքական, մարտավարական առումով, եթե ՀՀԿ–ն որոշում կայացնի չմասնակցել ավագանու ընտրություններին, իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի»,– ասաց Ն. Զոհրաբյանը»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս