Ծովափնյա նորաձևության վերջին միտումները՝ ըստ ոճաբան Արայիկ Գաբաջյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան տապին շատերը իրենց «մխիթարությունը» գտնում են ծովափներում: Ծովափ այցելելուց առաջ, սակայն, հարկավոր է լրջորեն պատրաստվել, քանի որ այն թելադրում է իր նորաձեւությունն ու իր կանոնները: Ծովափնյա նորաձեւության վերջին միտումների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ: Նա խոսել է այն մասին, թե ինչ հագուստ եւ աքսեսուարներ կարելի է կրել արեւայրուքի, ծովափնյա փարթիների դեպքում: Ոճաբանն անդրադարձել է նաեւ եվրոպական քաղաքների ծովափներում տարածված տենդենցներին:

-Արայիկ, սկսենք լողազգեստներից: Ո՞ր մոդելներն են առավել ակտուալ եւ ո՞ր երանգներն են տարածված:

-Այս ամառ բավական մեծ տարածում ունեն վերեւամասն ու ներքեւամասը միմյանցից առանձին, ոչ կպած մոդելները, ընդ որում, դրանք կարող են էականորեն տարբերվել իրենց գույներով: Օրինակ՝ մոխրագույնը կարող է համադրված լինել կարմիրի հետ: Այսինքն՝ հակասող երանգները մոդայիկ են:

-Հավաքածուներում մեծ տարածում ունեն նաեւ խալաթ հիշեցնող ծովափնյա հագուստները: Կմանրամասնե՞ք՝ հատկապես ինչ տեսք ունեն դրանք:

-Այո՛, դրանց ոչ թափանցիկ, նուրբ, մետաքսյա, միագույն, գծավոր տեսակները շատ մոդայիկ են: Քիչ չեն նաեւ աչքի ընկնող պրինտերով, օրինակ՝ արմավենու տերեւներով մոդելները:

-Իսկ ի՞նչ հագնել ծովափնյա փարթիներին, երեկույթներին, որոնք հատուկ խորագիր չունեն:

-Այն երեկույթները, որոնք ունենում են խորագիր, նախապես ընտրվում է նաեւ համապատասխան դրեսկոդ: Իսկ մյուս դեպքերում խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել արեւայրուքին: Արեւայրուքի դեպքում ցանկալի է կրել բնական մատերիալից, նուրբ լողափնյա հագուստ: Եթե մաշկը մուգ շոկոլադե գույն ունի, ցանկալի է կրել վառ գույնի հագուստներ, իսկ եթե այն բաց է, վառ գույները չեն խրախուսվում:

-Ընդհանրապես, կա՞ սեզոն կամ տարի, երբ արեւայրուքը մոդայիկ չէ:

-Ո՛չ, այն միշտ է մոդայիկ, հատկապես ամառվա սեզոնին: Ձմռանն արեւայրուքը արհեստական շպարի տեսք ունի: Բացի այդ՝ առաջին տոնից չի կարելի միանգամից վեցերորդ տոնին անցում կատարել: Դա ոչ միայն վնասակար է առողջությանը, այլեւ գեղեցիկ չէ:

-Իսկ ծովափնյա կոշիկների մասին ի՞նչ կասեք:

-Եվրոպական քաղաքների ծովափներում, օրինակ, նորաձեւ են տափակ եւ լողավազանի համար նախատեսված սանդալները, որոնք լրացված են հյուսված կտորներով, մորթիներով: Իսկ վայրի ծովափերի համար «մատով», կաուչուկի մատերիալից, կիսաթափանցիկ սանդալներն են ակտուալ:

-Գլխարկների, գլխաշորերի մասով ի՞նչ նորություններ է բերել այս սեզոնը:

-Նորաձեւ են այն գլխաշորերը, որոնք օգտագործվում են որպես աքսեսուար: Խոսքը չալմաների մասին է: Իսկ գլխարկները «ժառանգել ենք» անցած սեզոնից: Մոդայիկ են դասական, լայնեզր մոդելները:

-Ակնոցներից կարծես թե մեծ տարածում ունեն մեծ, կլորավուն տարբերակները՝ թափանցիկ ապակիներով:

-Այո՛, դրանք արեւից քիչ են պաշտպանում, ավելի շատ որպես աքսեսուար են ծառայում: Այդպիսի ակնոց կարելի է կրել ե՛ւ ցերեկը, ե՛ւ երեկոյան:

-Մի փոքր էլ ծովափնյա պայուսակներից խոսենք: Ո՞ր տեսակներն են մոդայիկ:

-Նորաձեւ են աֆրիկյան ոճով, պլաստմասե մատերիալից գործված պայուսակները՝ երկար ծոփքերով: Ավանդական, ծղոտե պայուսակներն էլ ներկայացված են նորովի, առավել կատարելագործված: Դրանք համալրված են կտորով եւ կաշվով:

-Խոսեցինք ծղոտից, կարծես թե ծղոտե հովհարները եւս ակտուալ են, այո՞:

-Այո՛, հատկապես եվրոպական ծովափներում, որտեղի դրեսկոդը տարբերվող է, քանի որ ծովափը մոտ է քաղաքին, ուստի պահպանված է ծովափնյա կուլտուրան: Ի դեպ, նախկինում ավելի քիչ էին հաճախում եվրոպական քաղաքների մերձակա ծովափներ, իսկ հիմա ոչ, քանի որ հաճախ մարդիկ համատեղում են աշխատանքը հանգստի հետ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս