Թեժ աշուն. քաղաքապետի աթոռի համար կռիվ են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հետաքրքիր մրցակցություն է սպասվում, ընդ որում` մասնակից ուժերը բավական շատ են լինելու: Դա է վկայում վերջին օրերի իրադարձություններն ու քաղաքական ուժերի կողմից արվող հայտարարությունները: Եվ հետաքրքիրն այն է, որ եթե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դաշինքներին էին, ապա ավագանու ընտրություններին ընդառաջ դրանք փլուզվում են:

Մասնավորապես, խոսքը «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների մասին է: Եվ չնայած վերջիններիս մաս կազմող ուժերը դեռ վերջնականապես չեն հայտարարել` ինչ ֆորմատով են մասնակցելու առաջիկա ընտրություններին, սակայն հստակ է, որ գոնե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին ամեն դեպքում կմասնակցի առանձին` իր սեփական թեկնածուով, որն ինչպես հայտնի է, դերասան Հայկ Մարությանն է: Իսկ ահա դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ ընտրություններին կմասնակցեն միասին` ունենալով որպես թեկնածու «Հանրապետություն» կուսակցության անդամ, արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանին: Այս հարցի շուրջ քննարկումները վերջնական կդառնան, երբ Արամ Սարգսյանն արտերկրից կվերադառնա Հայաստան:

«Ծառուկյան» դաշինքում եւս նման իրավիճակ ստեղծվեց: Նախ նշենք, որ ի սկզբանե ավագանու ընրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել այդ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, սակայն երեկ` մինչ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստի մեկնարկը, հայտարարեց, որ չի ցանկանում մտնել պայքարի մեջ: ԲՀԿ-ն որպես քաղաքապետի թեկնածու առաջադրեց Նաիրա Զոհրաբյանին: Իսկ ահա ՀՀՇ կուսակցությունը, որի ներկայացուցիչները «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում էին, ընտրություններին կգնա առանձին` կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանի թեկնածությամբ: Ստացվում է` ավագանու ընտրությունները պատճառ դարձան նաեւ այս դաշինքի փլուզման: Չնայած, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մինչեւ հաջորդ տարվա մայիս սպասվում են նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններ, ժամանակին արհեստականորեն ստեղծված այդ դաշինքների փլուզումը կարելի է եւ տրամաբանական համարել:

Առայժմ առկա է ընտրություններին մասնակցելու պատրաստ 4 ուժ. այդ մասին խոսել է «Երկիր Ծիրանի» կուսակցությանը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ ՀՅԴ-ն: Այդ ընտրություններին մասնակցելու մասին խոսում են մի քանի մանր-մունր կուսակցություններ, որոնց անունները շատ քչերին է հայտնի՝ «Ռեֆորմիստական», «Արդարություն» եւ այլն: Սա էլ դեռ ամբողջական ցանկը չէ, եւ չի բացառվում, որ առաջիկա օրերին նոր անուններ եւս լսենք. քաղաքական դաշտում դերակատարում ունեցող մյուս կուսակցությունների մասին է խոսքը:
Իսկ մինչ այդ հիշեցնենք ընտրական շեմը. կուսակցությունների դեպքում դա 6 տոկոսն է, դաշինքների դեպքում` 8:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս