Ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում հանրահավաքին. թիմի առջև խնդիր է դրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխատանքի 100 օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասներ են ի հայտ դարձել:

Մասնավորապես, վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի` նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եւ այդպես առաջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: Ոչ մեկ անգամ է նշվել այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը էյֆորիայի մեջ է, եւ շատերը հիմա էլ են շարունակում այդպիսի ազդեցության տակ մնալ: Սակայն վերջին շրջանում հասարակության մի որոշ հատված էլ ամեն դեպքում սկսել է քննադատել նոր կառավարության գործելաոճը, կադրային քաղաքականությունը եւ այլն: Եվ այդ առումով այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր թիմով Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ցանկանում է ստուգել հասարակության տրամադրությունները եւ հասկանալ` հիասթափություն առկա է, թե ոչ, թե այդ ամենը սոցիալական ցանցերի գրառումների տպավորությունն է:
Եվ այդ առումով կուսակցության առջեւ հստակ պայմաններ են դրված: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջեւ խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Նրա այդ մեսսիջը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հասկացել են շատ ուղիղ եւ արդեն բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով: Խոսքը բոլոր կառույցների մասին է, անգամ նոր բացված. նրանք ուզում են մեծ շուքով մարդաշատություն ապահովեն` ըստ բնակավայրերի: Եվ այդ պատճառով էլ պայքարի մեջ են մտել բոլոր կառույցները: Եվ հիմա նրա թիմից շատերը Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար փորձելու են շատ մարդ բերել. բոլորը լծվել են այս գործին:

Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Արցախի բնակչությանը եւս ներգրավել հանրահավաքում, եւ արդեն համապատասխան աշխատանքներ են տարվում: Մասնավորապես, Արցախից մեծ ներկայացվածություն է սպասվում` պաստառներով, գրություններով: Պատահական չէ, որ երեկ «Հանուն Արցախի» երիտասարդական հիմնադրամն արդեն հայտարարություն է տարածել` ասելով, որ մասնակցելու են այդ հանրահավաքին: Ընդ որում` կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտնում է նաեւ, որ միջոցներ է հայթայթում Երեւան քաղաքում հանրահավաքին ներկա գտնվել ցանկացող բոլոր երիտասարդների մասնակցության ծախսերը հոգալու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին արդեն սկսել է աշխատել իր ելույթի վրա: Այն բավական ընդգրկուն է լինելու, եւ ըստ գերատեսչությունների ներկայացվելու է կատարված աշատանքը, եւ դրա համար այժմ նա համապատասխան փաստաթղթեր, տեղեկանքներ է պահանջում, որպեսզի իր հաշվետվությունը փաստերով ներկայացնի:
«ժողովուրդ» օրաթերթը փորձեց կուսակցությունից պարզել` ինչպես են պատրաստվում հանրահավաքին, եւ արդյոք կներկայացվի նաեւ կուսակցությաn կատարած աշխատանքի հաշվետվությունը: Մենք զրուցեցինք կուսակցության վարչության անդամ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

«Բնականաբար հանրահավաքն իրականացնելու նախաձեռնությունը կուսակցական է, ՔՊ-ն` որպես քաղաքական ուժ, ով ստանձնել է իշխանությունը, որպես դոմինանտ քաղաքական ուժ ինքն է նախաձեռնել: Կուսակցության վարչության որոշմամբ էլ հանրահավաքն այս փուլում նվիրված է նոր կազմավորված կառավարության գործունեության 100 օրերին: Հանրահավաքն իր բնույթով լինելու է մեր հասարակության, մեր հանրությանը հաշվետու հանրահավաք, ուր ներկայացվելու է կատարված աշխատանքը, ծավալները, առաջիկա անելիքները, այն խորքային բարեփոխումների ընթացքը եւ մեր տեսլականը հետագա զարգացումների առումով», – նշեց նա:
Հարցին` բացի կառավարության գործունեության հաշվետվությունից, հնարավո՞ր է ներկայացվի հենց կուսակցության գործունեության հաշվետվություն, վարչության անդամը նշեց. «Հանրահավաքը նվիրված է կառավարության գործունեության 100 օրվան, ոչ թե կուսակցության գործունեության: Բայց դե կառավարությունը ձեւավորվել է կուսակցության կողմից, ուստի եւ հանրահավաքը կուսակցությունն է հրավիրել»:
Իսկ քաղաքական իմաստով հանրահավաքը բնականաբար ուժի ցուցադրություն է լինելու վարչապետի կողմից: Նա ե՛ւ դրսին, ե՛ւ ներսին պետք է ցույց տա, որ ունի հասարակության աջակցությունը: Դիտարկմանը` արդյոք նպատակ է առկա ստուգելու նաեւ հասարակության տրամադրությունները, Ռոմանոս Պետրոսյանը ընդգծեց. «Իմ անձնական տեսակետն եմ հայտնում. ինձ համար որպես ընթացիկ, մեր հանրության կողմից մեզ աջակցության չափաբաժնի ստուգումն է նաեւ: Ես ինքս կզգամ, թե մեր կառավարությունը հասարակության կողմից որքանով է վայելում աջակցություն, ինչը մենք ունեինք մայիսի 8-ին, մայիսի 15-ին կամ սկզբնական շրջանում: 100 օրը շատ կարճ ժամկետ է իհարկե, բայց մյուս կողմից էլ բավական ժամկետ է, որ հանրությունն ինքն էլ որոշակի առումով հասկանա, թե ապագայի առումով այն նախնական քայլերը որ արվել են, որքանով են վայելում մեր հասարակության աջակցությունը»:
Հավելենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության աշխատանքի 100-րդ օրը սափրված չի ներկայանա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս