Ինչ քննարկումներ են եղել և ինչ պահանջ է դրվել նախկին մարզպետի որդու ազատման հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով նախկին ու ներկա պաշտոնյաների եւ վերջիններիս զավակների` պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն ու դրանց օրինականության ուսումնասիրման գործընթաց էր սկսվել: Եվ ահա մեզ հասած լուրերի համաձայն` այս հարցը երկու կառույցների համար դարձել է կռվախնձոր:

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պաշտոնյաների եւ վերջիններիս զավակների բանակում ծառայել-չծառայելու հարցին. «Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում` նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը, եւ պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու` օրենքով նախատեսված հիմնավոր եւ օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները»:

Եվ ահա այս ամենից հետո առաջինը թիրախում հայտնվեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները, որոնց պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու կամ տարկետում տալու հիմքերի շուրջ սկսվեց քննություն ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ պաշտպանության նախարարությունում:

«Ժողովուրդ» օրաթերթին տարվող քննության արդյունքներից մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ տարաձայնություններ են առաջացել ՊՆ-ի եւ Զինվորական քննչական ծառայության միջեւ, եւ որ նրանք այս օրերին չեն կարողանում հանգուցալուծել:

ՀՀ պաշտպանության նախարարությունում սկսում են ստուգել, թե որքանով են հիմնավոր նախկին մարզպետի որդիներն ազատվել պարտադիր ժամկետային ծառայությունից: Զինվորական քննչական ծառայությունը ավագ որդու` Տիգրան Խաչատրյանի մասով նշանակում է համապատասխան դատաբժշկական փորձաքննություն: Եւ իրավապահները ստանում են համապատասխան եզրակացությունը, որ Տիգրան Խաչատրյանը սահմանափակումներով խնդիր ունի, որը ենթակա է զորակոչի, սակայն դրանից բացի` կա մեկ այլ հանգամանք եւս, որի արդյունքում ՊՆ-ն Տիգրան Խաչատրյանին չի կարող տանել պարտադիր ժամկետային զինծառայության, քանի որ նա ամուսնացած է եւ ունի երկու երեխա: Ասել է, թե Սուրիկ Խաչատրյանի որդիներից Տիգրան Խաչատրյանը տարիներ առաջ, չնայած որոշակի սահմանափակումների, ենթակա էր մեկնելու պարտադիր զինվորական ծառայության, սակայն հաշվի առնելով, որ այս տարիներին նրա կարգավիճակը այլ է, ուստի նրան չեն կարող տանել ծառայության:

Իսկ հիմա ինչ խնդիր է առաջացել նախկին մարզպետի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի մասով: Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` 22-ամյա Տրդատ Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, դատարանը բավարարել է այս միջնորդությունը, եւ այժմ Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն է անցնում հոգեբուժարաններից մեկում:

Իր հերթին Տրդատ Խաչատրյանը եւս հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ 2014թ.-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նեւրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ ստացել է 3 տարի ժամկետով տարկետում:

Տպավորությունն այնպիսին է, որ եզրակացությունը ստանալուց հետո պարզ կլինի` Տրդատ Խաչատրյանը ենթակա՞ է մեկնել պարտադիր ծառայության, թե՞ ոչ: Սակայն այս խնդրի շուրջ ՀՀ զինվորական քննչական ծառայության եւ ՊՆ-ի միջեւ ներքին տարաձայնություն է հասունացել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ զինվորական քննչական ծառայությունից ստիպում են դատահոգեբուժական հանձնաժողովին շուտ տալ եզրակացությունը, սակայն դատահոգեբուժական հանձնաժողովի անդամները քննիչներին բացատրում են, որ չեն կարող այդքան շուտ գնահատական տալ, ի վերջո, գործ ունեն անձի հոգեկան առողջության հետ:

Միայն թե բժիշկների այս պնդումները քննիչներն այդքան էլ հիմնավոր չեն համարում, եւ վերջիններս շարունակում են իրենց պնդումները: Ինչեւէ, կհաջողվի զինվորական քննչական ծառայության քննիչներին շուտ ստանալ եզրակացությունը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ այս խնդրի մասով երկու կառույցների մեջ տարաձայնություն է հասունացել:
Սա էլ դեռ քիչ է, պաշտպանության նախարարությունում ներքին քննարկում է եղել այն մասով, թե անգամ եթե դատահոգեբուժական հանձնաժողովը շատ արագ տա եզրակացությունը, ապա Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդուն ամառային զորակոչին չեն հասցնի ուղարկել բանակ, այլ կմնա սպասվելիք հերթական զորակոչին, որը, ըստ էության, կմեկնարկի մյուս տարի ձմռանը:

Քնար Մանուկյան




Լրահոս