Սանրվա՞ծքը դուր չի եկել, թե՞ պետք է կապույտ աչքեր ունենան. Բարձրագույն դատական խորհրդի գլխին սև ամպեր են կուտակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի գլխին սեւ ամպեր են կուտակվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հերթական դատավորն է ԲԴԽ-ի դեմ հայց ներկայացրել դատարան:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերացնել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները:

Մեզ հայտնի դարձավ, որ դատավոր Լիզա Գրիգորյանը ցանկացել է դառնալ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր եւ ընդգրկվել է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում: Սակայն ԲԴԽ-ն նրան չի ընտրել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, այսքանից հետո դատավոր Լիզա Գրիգորյանը ընդգրկվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, սակայն այս անգամ էլ ԲԴԽ-ի կոմից չի ընտրվել դատարանի դատավոր:

Եվ ահա ԲԴԽ-ի այս որոշումները վերացնելու համար դատավորը դիմել է ՀՀ վարչական դատարան: Ի դեպ, դատավորները բարձրաձայնում են այն մասին, թե ինչու ԲԴԽ-ն չի պատճառաբանում` ինչու ԲԴԽ-ի հավանությանը չեն արժանանում: Դատավորները նշում են, եթե իրենք դատական ակտ են կայացնում եւ չեն պատճառաբանում իրենց կայացրած ակտը, կարգապահական պատասխանատվության են ենթարկում, իսկ ինչպես հասկանալ ԲԴԽ-ի գործելաոճը, որ իրենց զրկում են մեկ այլ դատարանում դատավոր աշխատելու հնարավորությունից եւ ոչ մի պատճառաբանություն չի ներկայացնում, թե ինչի համար են նման որոշում կայացրել, միգուցե իրենց սանրվածքը դուր չի եկել, կամ պետք է կապույտ աչքեր ունենան կամ բազմաթիվ բեկանումներն են պատճառը, որ չընտրվեցին:

Նշենք, որ Լիզա Գրիգորյանը միակ դատավորը չէ, որ ԲԴԽ-ին դատի է տվել. Երեւան քաղաքի ընդհանուր իրավաության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը եւս դատի են տվել, քանի որ վերջիններս դիմել էին սնանկության գործերով դատարանի դատավոր դառնալու համար, սակայն ԲԴԽ-ն նրանց թեկնածությանը հավանություն չէր տվել: Ինչ կլինի դատավորների հայցերի հետ, արդյոք նրանց հայցերը ՀՀ վարչական դատարանը վարույթ կընդունի եւ դուրս կգա ԲԴԽ-ի դեմ, ցույց կտա ժամանակը:

Քնար Մանուկյան




Լրահոս