Այսօր կայացել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը:
Հանդիպման նախաձեռնության առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, օրենսդիր մարմնի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են Սահմանադրության գերակայության հրամայականը, արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների եւ քննարկումների մթնոլորտում:
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր դիրքորոշումներն ԱԺ նախագահի բարձրացրած հարցերի առնչությամբ։
Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ երկրում ընթացող ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը,
. երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը. այն մեր երկրին հիմա հատկապես անհրաժեշտ է,
. անցումային արդարադատության մարմինների հնարավոր ձեւավորման հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված է միջազգային փորձի ու չափանիշների ամբողջական ուսումնասիրություն: Այն կամփոփվի՝ հաշվի առնելով Կառավարության կոնկրետ առաջարկները: Մեկ բան հստակ է՝ ցանկացած նոր մարմնի գործունեություն պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային պարտավորություններին եւ հիմնված լինի Սահմանադրության ու օրենքների վրա՝ առանցքում ունենալով մարդու իրավունքների երաշխավորման բարձր հանձնառություն եւ գործող մարմինների աշխատանքի արդյունավետությանը նպաստելու առաքելություն,
. դատարանների հետ կապված՝ պետք է նկատի ունենալ, որ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Սա էլ իր հերթին ենթադրում է դատական իշխանության անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, այնպես էլ դրանցից դուրս որեւէ այլ մարմնից կամ անձից: Դատական համակարգում առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել հետեւողական, այդ թվում՝ կոշտ, բայց բացառապես իրավական եղանակներով,
. պետք է ապահովել իրավունքների պաշտպանության համակարգի անընդհատ զարգացում՝ բացառելով հետնահանջ արձանագրված ձեռքբերումներից: Մարդու իրավունքների պաշտպանն, առաջնորդվելով ապաքաղաքական ու անկողմնակալ աշխատանքի հիմնարար սկզբունքներով, կշարունակի գործադրել այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր, այդ թվում՝ աջակցելով Կառավարության՝ դրան ուղղված նախաձեռնություններին,
. ցանկացած հարց պետք է քննարկվի և լուծվի համերաշխության ու երկխոսության պայմաններում:
Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խստորեն քննադատել վարչապետին։ Արա Բաբլոյանը վարչապետի խոսքում նշմարել էր ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ։
Բաբլոյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով հանդիպումներ է նախատեսում Հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ։
Երեկ կայացել է Ազգային ժողովի նախագահի հանդիպումը Արմեն Սարգսյանի հետ, նախօրեին էլ Արա Բաբլոյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։