Ամեն ինչ դեռ առջևում է. Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով զարմացրել է ՀՀԿ-ականներին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով զարմացրել է ՀՀԿ-ականներին, իհարկե, բացասական առումով: Ու երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա, պոմիդորի գին է հարցնում: Դա պետք է գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ է մտնում»:
ՀՀԿ-ականների համար վարչապետ Փաշինյանի այս պահվածքը պետք է զարմանալի թվա միանգամայն տրամաբանական պատճառներով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակության հետ ազատ շփվելու գործելաոճը ՀՀԿ-ականների համար խորթ է: Նրանց համար խորթ է նաեւ հասարակության կողմից վարչապետ Փաշինյանի նկատմամբ ջերմ վերաբերմունքը, ամենուր գրկաբաց ընդունելությունները: Խորթ է, որովհետեւ ՀՀԿ-ականները սովոր են միանգամայն հակառակի, երբ իրենք իշխանավարման ժամանակ արհամարհում էին հասարակությանը, հասարակությունն էլ արհամարհում էր իրենց /լավագույն դեպքում/,եւ վերջում տեսանք՝ թավշյա հեղափոխությամբ պարզապես մերժեց:

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախագահության տասը տարիների ընթացքում հետեւողականորեն օտարվել էր հասարակությունից` ի հակառակ 2008թ. մարտի 1-ից հետո հասարակության եւ իշխանության միջեւ չհասկացվածության պատը քանդելու մասին խոստումների: Եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա պարզապես արհամարհում էր հասարակությանը: ՀՀԿ-ն էլ իր հերթին իշխանավարման ողջ ընթացքում այդպես էլ չփորձեց ականջալուր լինել հասարակության պահանջներին, փոխարենը ընդունեց ամենագետի կեցվածք` հայտարարելով, որ իրենցից լավը չկա, եւ մարդիկ, անկախ իրենց ցանկություններից, պետք է հաշտվեն իշխանության ղեկին ՀՀԿ ներկայության հետ: Ու պատահական չէր, որ երբ Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում անմիջականորեն շփվել հասարակության հետ /հիմնականում նախընտրական քարոզչության շրջանակներում/, ամեն ինչ ավարտվում էր նախագահի կողմից քաղաքացիներին ուղղված հանդիմանություններով՝ «թարս աճած խիյարի», «տոկոս խփելու», «լաց լինելով տոնը փչացնելու» մասին խոսքերով: Բացի այդ, հիշում եք, երբ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց բողոքի ցույց անող մի ծերունի հուսահատ ասել էր, թե այլ ելք չի մնացել, քան նախագահին «ճակատից գյուլլելը»:

Այնպես որ հիմա ՀՀԿ-ականների համար անհասկանալի է, երբ վարչապետ Փաշինյանն ազատ շփվում է քաղաքացիների հետ՝ համացանցով ու կենդանի հանդիպումներով: Եւ ՀՀԿ-ականներն առաջիկայում դեռ շատ բաների վրա են զարմանալու:




Լրահոս