Մինչ հասարակության մեծ մասի ուշադրությունը սեւեռված է Երեւանի ավագանու ընտրությունների, ընտրություններին մասնակից ուժերի հեռակա բանավեճերի ու լեզվակռիվների վրա, վերջին օրերին գնալով լարվում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին:
Եւ հիմա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԱՀԿ-ն արդեն սկսել է սահմանում տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել, նաեւ մոնիտորինգ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի՝ իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ ՀՀ-ն արդեն տեղեկացրել է միջազգային կառույցներին:
«Ադրբեջանական կողմի իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ մեր կողմից տեղեկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցներ, որոնք պարբերաբար մտահոգություններ են հայտնում նման լարումների հետ կապված, նաեւ կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից` շեշտելով ամեն անգամ, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Մենք ակնկալում ենք, որ այդ կառույցները համապատասխան քայլեր կձեռնարկեն սանձելու Ադրբեջանին, հետ պահելու հետագա նման գործողություններից»,- ասել է նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: