Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ քվեարկության դրվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Ընդ որում, այն տեղի ունեցավ առանց բնականոն ռեժիմի․ չկար ուղիղ հեռարձակում, շենքի ներսում լրագորղները հնարավորություն չունեին՝ լսել, թե ինչ է կատարվում, քվեարկությունն էլ տեղի ունեցավ առանց քարտերի։
Քվեարկության ժամանակ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ձեռք բարձրացրեցին` բացառությամբ «Ելք» խմբակցության: Հիշեցնենք, որ այս քվեարկության ղեկավարը հավաքել էր պատգամավորների` էլեկտրոնային քվեարկության համար նախատեսված քարտերը:
Խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅ Դաշնակցության ու «Ծառուկյան» դաշինքի առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին:
Այս պահին զուգահեռ մեծ բազմություն է հավաքվել խորհրդարանի դիմաց․ նման կոչով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։