ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարեւոր իրադարձություն է վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին խոսակցությունների համատեքստում: Տիրապետող տեսակետ կա, որ ՌԴ-ն չի ողջունում մարտի 1-ի գործով ՀՀ նախկին իշխանություններին մեղադրանք առաջադրելու գործընթացը, եւ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ այս հարցը լինելու է քննարկումների առանցքային թեման: Մինչ այս երեկ իրար հաջորդեցին մի քանի ուշագրավ փաստեր. ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, թե ՌԴ տարածքում հանվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի հետախուզումը: Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառում արեց, թե «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը մինչեւ վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա»: Ու տպավորություն էր, որ Փաշինյանի գրառումը «Ինտերֆաքս»-ի տարածած հաղորդագրության պատասխանն էր: Միաժամանակ տեսակետ կա, որ Փաշինյանի խոսքերն անուղղակի ապացույցն էին այն բանի, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ մի բան այն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակված են կարծելու, որ պատահական չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, վստահ է` Պուտին-Փաշինյան անցնելու է շատ բարեկամական մթնոլորտում ու բարձր մակարդակով։ Այսպիսով, մոսկովյան այցից առաջ փորձ է արվում անհասկացվածությունը վերացնել: Այդ համատեքստում էր նաեւ «Զինուժ» հաղորդաշարին Փաշինյանի երեկվա հարցազրույցը, որտեղ պնդել է, թե ՌԴ-ի հետ հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն, եւ հավելել. «Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային եւ շատ ավելի եղբայրական»։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրաժարվել է այս տարի համագումար անցկացնելու մտքից: Մեր տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում կուսակցական հարցերում պասիվացել է եւ նաեւ ամառային ռեժիմով պայմանավորված ավելի ուշ-ուշ է այցելում Մելիք-Ադամյանում գտնվող կուսակցության գլխավոր գրասենյակ կամ հանդիպում կուսակիցներին: Սակայն մեր տեղեկություններով` առաջիկայում Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու: Նաեւ ամառվա ընթացքում կուսակցության քաղաքական թեւը պարբերաբար հանդիպումներ է ունեցել, ծրագրել իրենց հետագա անելիքները, բայց առանց Սերժ Սարգսյանի:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ եւ դրան ընթացք է տրված»: Օսիպյանի խոսքերով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»,- ասել է նա` մեր թղթակցի հարցին ի պատասխան: Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանի հարազատները թավշյա հեղափոխությունից հետո հայտվում են իրավապահների ուշադրության կենտրոնում:

 

 

 

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել բուհերում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք բուհերից վերահսկողական ծառայությունն առգրավել է փաստաթղթեր: Ընդ որում` այդ փաստաթղթերն առգրավել են բավական կոպիտ կերպով դիմակավորված ուժայինները: Մեզ հասած տեղեկություններով` արդեն իսկ ստուգումների ժամանակ գտել են խախտումներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց բուհում ստուգումները ընթացքի մեջ են: «Նախ ստուգումները դեռ չեն վերջացել, քանի որ արձակուրդային շրջան էր, բայց չնայած դրան` փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներն ենք տվել իրենց, որպեսզի ուսումնասիրեն: Իրենք խնդրել են, մենք էլ տվել ենք: Ամեն տարի էլ ստուգումներ են իրականացվում համալսարանում, դրա մեջ արտառոց ոչինչ չկա: Սա երրորդ ստուգումն է, ֆինանսների նախարարությունն էլ է ստուգել, պետական եկամուտների կոմիտեն էլ, հիմա էլ հերթը վերահսկողական ծառայությանն է»,- ասել է նա:

 

 

 

ԴԵՌ ԱՅՆՔԱՆ ԿԶԱՐՄԱՆԱՔ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով զարմացրել է ՀՀԿ-ականներին, իհարկե, բացասական առումով: Ու երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա, պոմիդորի գին է հարցնում: Դա պետք է գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ է մտնում»:
ՀՀԿ-ականների համար վարչապետ Փաշինյանի այս պահվածքը պետք է զարմանալի թվա միանգամայն տրամաբանական պատճառներով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակության հետ ազատ շփվելու գործելաոճը ՀՀԿ-ականների համար խորթ է: Նրանց համար խորթ է նաեւ հասարակության կողմից վարչապետ Փաշինյանի նկատմամբ ջերմ վերաբերմունքը, ամենուր գրկաբաց ընդունելությունները: Խորթ է, որովհետեւ ՀՀԿ-ականները սովոր են միանգամայն հակառակի, երբ իրենք իշխանավարման ժամանակ արհամարհում էին հասարակությանը, հասարակությունն էլ արհամարհում էր իրենց /լավագույն դեպքում/,եւ վերջում տեսանք՝ թավշյա հեղափոխությամբ պարզապես մերժեց:
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախագահության տասը տարիների ընթացքում հետեւողականորեն օտարվել էր հասարակությունից` ի հակառակ 2008թ. մարտի 1-ից հետո հասարակության եւ իշխանության միջեւ չհասկացվածության պատը քանդելու մասին խոստումների: Եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա պարզապես արհամարհում էր հասարակությանը: ՀՀԿ-ն էլ իր հերթին իշխանավարման ողջ ընթացքում այդպես էլ չփորձեց ականջալուր լինել հասարակության պահանջներին, փոխարենը ընդունեց ամենագետի կեցվածք` հայտարարելով, որ իրենցից լավը չկա, եւ մարդիկ, անկախ իրենց ցանկություններից, պետք է հաշտվեն իշխանության ղեկին ՀՀԿ ներկայության հետ: Ու պատահական չէր, որ երբ Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում անմիջականորեն շփվել հասարակության հետ /հիմնականում նախընտրական քարոզչության շրջանակներում/, ամեն ինչ ավարտվում էր նախագահի կողմից քաղաքացիներին ուղղված հանդիմանություններով՝ «թարս աճած խիյարի», «տոկոս խփելու», «լաց լինելով տոնը փչացնելու» մասին խոսքերով: Բացի այդ, հիշում եք, երբ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց բողոքի ցույց անող մի ծերունի հուսահատ ասել էր, թե այլ ելք չի մնացել, քան նախագահին «ճակատից գյուլլելը»:
Այնպես որ հիմա ՀՀԿ-ականների համար անհասկանալի է, երբ վարչապետ Փաշինյանն ազատ շփվում է քաղաքացիների հետ՝ համացանցով ու կենդանի հանդիպումներով: Եւ ՀՀԿ-ականներն առաջիկայում դեռ շատ բաների վրա են զարմանալու:




Լրահոս