Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ նախօրեին ստորագրվեց հուշագիր ԱԺ արտահերթ ընտրություններն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու մասին: Հատկանշական է, սակայն, փաստը, որ մինչեւ հուշագրի ստորագրումը ԲՀԿ-ականները պնդում էին, թե դեմ են արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, եւ որ պետք է այդ ամենը կազմակերպվի հաջորդ տարվա մայիսին: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին, հայտարարեց, որ սա այն դեպքը չէ, երբ պետք է առաջնորդվել առանձին մարդկանց ցանկություններով ու անձնական ամբիցիաներով կամ առանձին ուժերի քաղաքական նպատակահարմարությամբ: Ավելին, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները աղմկահարույց օրինագծի օգտին կողմ քվեարկեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը ԲՀԿ-ի դիրքորոշման վերաբերյալ երեկ զրուցել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ:
-Տիկի՛ն Տոնոյան, վարչապետ Փաշինյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ հուշագիր ստորագրվեց: Այսինքն, ըստ էության, ԲՀԿ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետի դիրքորոշման հետ: Բայց օրեր առաջ դուք լրիվ այլ հայտարարություններով հանդես եկաք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հակասությունը:
-Էստեղ որեւէ հակասություն չկա կամ որեւէ բան ինքնանպատակ չի արվել: Քաղաքականության մեջ չկան հավերժ վետոներ կամ ընթացիկ գործընթացներ: Տեղի է ունեցել քննարկում, պայմանավորվածություն Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ձեռք է բերվել փոխըմբռնում եւ ստորագրվել է հուշագիր: Հիմա փորձում են ինչ-որ հակասություններ գտնել նախկինում արված հայտարարությունների հետ կապված: Պետք է նշեմ, որ խոսքը ընդամենը եղել է այն մասին, որ կառավարության ծրագրում ամրագրված է եղել ընտրությունները մինչեւ մեկ տարի ժամկետում անցկացնելու հանգամանքը, եւ դրանով պայմանավորված` նաեւ ընտրական օրենսգրքի բարեփոխումները եւ շատ այլ հարցեր: Ինչ վերաբերում է սկզբունքային անհամաձայնությանը, նախօրեին պարոն Ծառուկյանն էլ հիշեցրեց, որ դեռեւս հեղափոխությանը հաջորդող օրերին ինքը վարչապետին առաջարկել է` եթե կա դրա անհրաժեշտությունը, կարող են ընտրություններն իրականացնել նույնիսկ 2018-ի հունիս ամսին: Այսինքն` սկզբունքային անհամաձայնություն երբեք չի եղել: Եթե կա ժողովրդի սկզբունքային մոտեցումը ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ կապված, այս դեպքում կարծում եմ` բնական է, որ պարոն Ծառուկյանը ընդառաջ է գնում ժողովրդի ցանկությանը եւ կանգնում ժողովրդի կողքին:
-Այսինքն` ըստ Ձեզ` հիմա ամեն բան պատրա՞ստ է դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու համար:
-Ընտրությունների անցկացումը կոնկրետ գործընթաց է, որը պետք է նախապատրաստվի: Էստեղ կարեւորը այն փաստն է, որ ԲՀԿ-ն այս պահին կողմ է, որ ընտրությունները դեկտեմբերին լինեն: Մնացածն արդեն ընթացիկ աշխատանքներ են` ծրագրի կազմում եւ այլն: ԲՀԿ-ի քաղաքական եւ կազմակերպչական թիմերը արդեն իսկ զբաղվում են այդ հարցերով:
Լուսինե Մինասյան