ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի պարգևատրվածներ,
Ժյուրիի հարգելի անդամներ,
Հարգարժան հյուրեր,

Նախ շնորհավորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթական մրցանակի արժանացած մեր ուսանողներին և աշակերտներին, ինչպես նաև նրանց դասախոսներին և ուսուցիչներին: Կարծում եմ, որ շնորհակալության և ջերմ խոսքերի են արժանի մրցանակաբաշխության կազմակերպիչները և հովանավորները: Նրանք տարիներ շարունակ մեծ ու կարևոր գործ են անում մեր ընդհանուր ապագայի համար: Նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով աջակցել են այս նախաձեռնությանը: Մեր մրցանակակիրներից շատերի համար կամ թերևս բոլորի համար սա առաջին մասնագիտական հաջողությունն է:

Սիրելի մրցանակակիրներ, մաղթում եմ ձեզ, որ դուք ձեր հետագա կյանքում զարգացնեք այս հաջողությունը ձեր մասնագիտական ողջ գործունեության ընթացքում: Մեր հասարակության մեջ վաղուց կա այն գիտակցումը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզանում պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր, պետք է դառնա մեր գիտարար տնտեսության կարևոր հենասյուներից մեկը: Դա պայմանավորած է ոչ միայն և ոչ այնքան մեր երկրի բնական պաշարների սակավությամբ, որքան ժամանակակից աշխարհի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ:

Հեղափոխության առաջին և ամենակարևոր ձեռքբերումն ազատությունն է: Արդի աշխարհում առանց քաղաքական, տնտեսական ու մտավոր ազատության առաջընթաց ապահովելը դարձել է գրեթե անհնար: Բայց ես ուզում եմ անդրադառնալ այն հանգամանքին, թե ինչ է նշանակում ազատությունն այս իրավիճակում և որն է յուրաքանչյուրի անելիքն ազատության պայմաններում: Իրականության ընկալման այս հարթությունը թերևս շատ կարևոր է, և ես հատկապես այսօր ու այս առիթով ուզում եմ ասել, որ մարդու հաջողության գործում ամենակարևոր բաղադրիչը, որ գոյություն ունի ազատության պայմաններում, հետևյալն է՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է զբաղվի ինքն իրենով: Այսինքն՝ ազատության պայմաններում յուրաքանչյուր մարդու հաջողության ամենամեծ գրավականը հենց ինքը՝ մարդն է: Հենց ազատությունը սրանով է ազատություն, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ իր ջանքով, իր աշխատասիրությամբ, իր սկզբունաքայնությամբ, իր մղումով, իր ցանկությամբ, միջավայրի իր ընկալմամբ և գնահատմամբ, ուրիշների նկատմամբ իր հարգանքով, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչքան ինքը պիտի հաջողի և մինչև ուր ինքը պիտի հաջողի: Ընդ որում՝ սա առանց բացառության վերաբերում է բոլոր ոլորտներին՝ սկսած գիտությունից, վերջացրած քաղաքականությունից, տնտեսական գործունեությունից: Իհարկե, սա չի նշանակում, որ պետությունը որևէ անելիք չունի: Պետության թիվ մեկ անելիքն առաջին հերթին բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելն է, և հետո արդեն բոլորի համար հասու հնարավորությունների այդ նշաձողը քայլ առ քայլ բարձրացնելը նոր մակարդակի և նոր մակարդակների:

Եվ այսօր շատ կարևոր է արձանագրել. մեր դպրոցներում կան տասնյակ հազարավոր աշակերտներ, մեր համալսարաններում կան հազարավոր ուսանողներ, և ի՞նչով է պայմանավորված, որ այսօր մրցանակի են արժանանում հենց այս մարդիկ: Իհարկե, որևէ կասկած չկա, որ մրցանակի արժանացած մարդիկ տաղանդավոր են, բայց որևէ մեկը չի կարող ասել, թե մեր երկրի աշակերտների և ուսանողների տաղանդի շրջանակը սահմանափակվում է այսօրվա մրցանակակիրներով: Եվ ուրեմն, ո՞րն է նրանց առանձնահատկությունը, ի՞նչն է նրանց այսօր բերել այստեղ:

Իմ կարծիքով՝ առանձնահատկությունը հետևյալն է. նրանք որոշում են կայացրել զբաղվել իրենցով, որոշում են կայացրել, որ իրենք ուզում են ունենալ այսպիսի հաջողություն և իրենք այդ որոշման իրականացման գործում եղել են առավել սկզբունքային, առավել հետևողական, առավել աշխատասեր: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև Նոր Հայաստանում հենց սա է հաջողության գրավականը: Նոր Հայաստանում հաջողության գրավականն այն չէ, թե ով ում բարեկամն է, ով ում հետ ավելի երկար կամ հաճախ շփվելու հնարավորություն ունի, կամ ով ում ինչպես է վերաբերվում:

Նոր Հայաստանում, ազատության պայմաններում յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հաջողության սահմանը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր տիեզերքի մասշտաբը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե որտեղ պետք է կանգնի, որտեղ է ինքը հոգնել և որտեղ պետք է շարունակի նոր եռանդով: Սա է Նոր Հայաստանում ամենակարևոր առանձնահատկությունը յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քաղաքացու համար: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մրցանակակիրներին, որ նրանք կայացրել են այդ որոշումը և բավարար ջանք են գործադրել այդ որոշումն ի կատար ածելու, կյանքի կոչելու համար: Նրանց կոչ եմ անում երբեք ու երբեք չկանգնել ոչ մի խոչընդոտի, ոչ մի արգելքի, ոչ մի սահմանի առաջ, որովհետև մեր մեծագույն խնդիրն է չարձանագրել, թե ինչն է հնարավոր և ինչը՝ ոչ, մեր մեծագույն խնդիրն է՝ արձանագրել մեր նպատակներն ու ընդլայնել հնարավորի սահմանը, որովհետև ժամանակակից աշխարհում հնարավորը չունի սահման, ժամանակակից աշխարհում մարդկային միտքը և հաղթանակը չունի սահման, և մեր մեծագույն խնդիրն է՝ ամեն օր, անընդհատ ընդլայնել մեր հնարավորությունների սահմանը:

Եվ ուրեմն, հարգելի ներկաներ, շատ բարձր եմ գնահատում այս մրցանակաբաշխությունը, կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք են գործադրել, որոշում են կայացրել, որ պետք է լինի այսպիսի մրցանակ, հետևողական աշխատել են դրա վրա, անկախ ամեն ինչից՝ պահել, պահպանել են այն և ամեն տարվա հետ նրա համար սահմանել ավելի բարձր նշաձող: Հույս ունեմ և համոզված եմ, որ այդ նշաձողն ամեն տարվա հետ ավելի ու ավելի կբարձրանա: Շնորհավորում եմ կազմակերպիչներին, մրցանակակիրներին և մեզ բոլորիս:

Շնորհակալություն»:

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվում է 14-րդ անգամ` վերանվանվելով ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի: Մրցանակաբաշխությանը մասնակցել են 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների են արժանացել 25 ուսանող և 18 աշակերտ: Մինչ այժմ 489 ուսանող և աշակերտ են արժանացել այս մրցանակին։




Լրահոս