ԲՈԹ, ՈՐ ՑՆՑԵՑ ԱՇԽԱՐՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շառլ Ազնավուրի մահվան բոթը առանց չափազանցության երեկ ցնցել է աշխարհը: Նրան կարելի էր համարել Հայաստանի դեսպանը աշխարհում. մարդ, ում շնորհիվ աշխարհը ճանաչեց մեր փոքր երկիրն ու ժողովրդին, ճանաչեց փոքր երկրի մեծ ողբերգությունը: 94 տարեկանը միգուցե շատերի համար մեծ թվա, բայց ոչ Ազնավուրի: Նա մինչեւ վերջ եղավ բեմում երիտասարդի ավյունով: Ծրագրված էր, որ Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ազնավուրը գալու է Հայաստան: Բայց, ավա~ղ…
Ազնավուրը լեգենդ էր, կենդանի լեգենդ՝ սիրված ու ընդունված ոչ միայն հայության, այլեւ աշխարհի շատ ժողովուրդների կողմից: Դրա առհավատչյան էր նրա մահվան բոթին հաջորդած արձագանքները աշխարհի մի շարք պետությունների ղեկավարների, պետական, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների ցավակցական հեռագրերը, որոնցում փորձ էր արվում եւս մեկ անգամ ներկայացնել Ազնավուր մարդուն, Ազնավուր արվեստագետին: Երեկ Երեւանում եւ Գյումրիում` Ազնավուրի անվան հրապարակում, մոմավառություն էր, ծաղիկների, միաժամանակ նաեւ արցունքների հեղեղ: Հայաստանում նրա հուղարկավորության օրը հայտարարված է սգո օր:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս սգում է մեծ Հայի մահը, ցավակցում բոլորին:

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով Ազգային ժողովի խմբակցությունների հետ սկսել է քննարկումները: Առաջինը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Ընդ որում, այդ հանդիպումը խոստումնալից չէր: Հատկանշական է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ պարբերաբար իրարամերժ տեսակետներ են հնչեցնում խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության կամ որ նույնն է՝ ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք մայիսին միաձայն կողմ են քվեարկել այս կառավարության ծրագրին: Իսկ այնտեղ նշված է արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Եթե Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ականները կողմ էին արտահայտվում արտահերթ ընտրություններին, ապա օրերս փոխել են իրենց դիրքորոշումն ու ոչ միանշանակ հայտարարություններ անում: Բայց երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասել է, թե ԱԺ-ն չի արտացոլում ժողովրդի կամքն ու տրամադրությունները: Նա հիշեցրել է կառավարության ծրագրին իրենց քվեարկությունը՝ շեշտելով. «Դրա լեգիտիմությունը շատ բարձր է»:

 

 

Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հրաժարականից առաջ իր իրավահաջորդին՝ քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին, ուշագրավ «ժառանգություն» է թողել. աշխատասենյակի սեղանին ոգելից խմիչք՝ մեջը օձ: «Ժառանգությունը նախանձելիներից չէր: Ստացա 180 մլն դրամից ավելի պարտք, քայքայված ավտոպարկ, ոչ բարեհաճ վերաբերմունք նախորդ համայնքապետի աշխատակազմի կողմից, ինչպես նաեւ մի շատ հետաքրքիր նվեր, որ նախորդ համայնքապետը թողել էր ինձ: Խոսքը այս ոգելից խմիչքի մասին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Ստեփանյանը՝ ցույց տալով օձով տարան: «Այո, շատ հետաքրքիր եւ էկզոտիկ խմիք է: Նախկինում ես չեմ տեսել այսպիսի խմիչք: Կդժվարանամ ասել, թե որ նշանակալի ձեռքբերումն է նա փորձել նշել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել չարաշահումների համար:

 

 

Այսօր դժվար է գտնել որեւէ պետական կառույց, որտեղ անկացված ստուգումների արդյունքում չբացահայտվեն ՀՀԿ իշխանության օրոք իրականացված չարաշահումների, կոռուպցիոն զանազան մեխանիզմների հսկա շարան: Օրինակ` Կոտայքի մարզի Քասախ համայնքում անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ համայնքային 5 ծառայողներ ստացել են իրենց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 55-110 տոկոսի չափով հավելավճարներ: Մինչդեռ պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Ու առաջիկայում Քասախի 22 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանը հնարավոր է հայտնվի մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ ստուգումները մարզպետարանն իրականացրել է գյուղի 900-ից ավելի բնակիչների դիմում-բողոքի հիման վրա: Նման պատկեր է նաեւ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում. այստեղ էլ նախկինում ԲՀԿ-ական, հետո ՀՀԿ-ական Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր ու անգամ դպրոցում դասադուլ է սկսվել: Բանը հասել է նրան, որ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն է մեկնել այնտեղ` փորձելով հանդարտեցնել կրքերը: Միաժամանակ, քրգործ է հարուցված համայնքապետի դեմ: Թե ինչ ընթացք կունենան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը:

 

 

ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԾԱԽՍԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կտրուկ ավելացրել է ռազմական ոլորտի բյուջեն՝ մյուս տարվա համար այն հասցնելով գրեթե 530 միլիոն դոլարի: Ինչպես հայտնի է, կառավարության վերջին նիստում հաստատվեց 2019 պետական բյուջեի նախագիծը: Ըստ այդմ, հաջորդ տարի ՀՀ ՊՆ-ին հատկացվելու է 256,4 միլիարդ դրամ՝ մոտ 530 միլիոն դոլար: Այս տարվա համեմատ, ռազմական ոլորտին հատկացվող գումարներն ավելացել են մոտ 13.6 տոկոսով. 2018-ի պետբյուջեով ՊՆ-ին հատկացված է 225,6 միլիարդ դրամ կամ մոտ 468 միլիոն դոլար: Նկատենք, որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի ռազմական բյուջեն գնալով ավելացել է, սակայն ամենաշատ գումարը տրվել է 2017 թվականին, ընդ որում, բավական կտրուկ էր տարբերությունը նախորդող տարվա համեմատ. եթե 2016թ. հատկացվել էր 470 մլն դոլար, ապա 2017-ին այդ թիվը հասավ մոտ 610 մլն-ի: Սա, թերեւս, պատահական չէր, այլ հետեւանքն էր ապրիլյան քառօրյա պատերազմի: Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ նախկին իշխանություններն այդ քայլին գնացին ինչ-որ տեղ նաեւ քարոզչական նպատակներով: Այլապես, անհասկանալի է` 2017թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով, բայց ռազմական ոլորտին 2018թ. բյուջեով հատկացվեց արդեն ավելի քիչ գումար՝ մոտ 468 մլն դոլար, ինչը 142 մլն դոլարով պակաս էր նախորդ տարվանից: Ընդ որում, նախկին իշխանությունների օրոք հատկացված գումարների մի մասն էլ անխնա թալանվել է, ՊՆ-ում եւս կոռուպցիան եղել է աներեւակայելի չափերի: Ասվածի ապացույցը նոր իշխանությունների օրոք բացահայտումներն են:
Հիմա, իհարկե, իրողությունները փոխվել են. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության ղեկը ստանձնել է Նիկոլ Փաշինյանը, որ ակտիվ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ: ՈՒ ներկայացնելով ավելի մեծ բյուջե` բնական էր, որ նա այդ գումարից զգալի բաժին պետք է հատկացներ ռազմական ոլորտին: Ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն դեռ չի կարգավորվել, այլեւ ամեն րոպե առկա է պատերազմի վերսկսման վտանգը, մանավանդ, երբ վերջին շրջանում Ադրբեջանն ավելի հաճախակիացրել էր ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ՀՀ սահմանի գնդակոծությունները: Ճիշտ է, արդեն Դուշանբեում Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ (այդ մասին պաշտոնապես հայտարարել են երկու երկրների ղեկավարները), բայց Ալիեւը ոչ մեկ անգամ է այդ հարցի շուրջ համաձայնություն տվել, բայց եւ մի քանի օր անց խախտել պայմանավորվածությունները:




Լրահոս