Ռոբերտ Քոչարյանը մտնում է պարտված խաղի մեջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ակտիվ քաղաքականություն վերադառնալով եւ ընդդիմության առաջնորդի դերը ստանձնելու պատրաստակամության մասին հայտարարելով, մտնում է ի սկզբանե պարտված խաղի մեջ: Դատելով Քոչարյանի վերջին հարցազրույցից` ինքն էլ է գիտակցում այդ ամենը: Նա հայտարարել է, թե ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կանխորոշված են: Ընդ որում, նա ընդունել է, որ ընտրությունների արդյունքները համապատասխանում են այսօրվա հասարակական տրամադրություններին: Պարզապես, ըստ Քոչարյանի, քանի որ հասարակությունը որոշումները կայացնում է «էմոցիոնալ ոգեւորվածության վիճակում», ուրեմն այդ որոշումները սխալ են: Եւ ահա այս համատեքստում Քոչարյանը հայտարարել է. «Ապրիլյան իրադարձությունների ծավալները լրիվ ուրիշ էին, մարդկանց ջանքերը ուղղված էին այն ժամանակ գործող իշխանությունների դեմ: Հենց դա էր այն ժամանակ հիմնական միավորող սկիզբը: Սակայն իրավիճակի զարգացմանը համընթաց գործընթացը ձեւափոխվեց մեկ այլ բանի: Այդ նույն զանգվածը դարձավ նոր իշխանության ակտիվ պաշտպան, քանի որ նրան համարում է իր ջանքերի արդյունք: Դա օբյեկտիվ իրականություն է, որը պետք է հաշվի առնել»: Բացի այդ, հարցին, թե գործող կառավարությանը քննադատելուց բացի ինքն ինչ օրակարգ է ներկայացնում, Քոչարյանը պատասխանել է. «Հասարակության զգալի մասն այսօր պատրաստ չէ լսել դրական օրակարգ, հետեւել որեւէ խորհրդի: Ժամանակ է պետք, որպեսզի գերոգեւորվածությունը մի փոքր նվազի, այդ ժամանակ ռացիոնալ առաջարկները կհասնեն մեր քաղաքացիներին»:

Այլ կերպ ասած` Քոչարյանն ինքն էլ է ընդունում, որ Փաշինյանի կառավարությունը վայելում է հասարակության աջակցությունը, եւ շատ շուտով այդ ամենը կարտացոլվի ընտրությունների արդյունքներով: Ինքն էլ է ընդունում, որ իրեն հասարակության զգալի մասն այսօր պատրաստ չէ լսել: Ուստի, այս իրավիճակում հայտարարել ընդդիմության առաջնորդի դերը ստանձնելու պատրաստակամության մասին, նշանակում է հասարակության զգալի մասի կարծիքին դեմ դուրս գալ: Չնայած նախկին իշխանությունների դեպքում սա միանգամայն բնական է, քանի որ նրանք միշտ էլ հասարակության կարծիքին դեմ են դուրս եկել:

Այլ հարց, որ Քոչարյանն այս ամենն անելիս հեռահար ծրագրեր ունի. նա հույս ունի, որ համաժողովրդական էյֆորիան մի օր կանցնի, ու ժողովուրդը կսկսի դժգոհել նաեւ այս իշխանությունից: Բայց արդյոք այդ դեպքում անգամ հասարակությունը Քոչարյանին կընդունի՞ ընդդիմադիր լիդերի կարգավիճակում:




Լրահոս