Երեկ 18:00-ին ավարտվեց վարչապետի պաշտոնում թեկնածուներ առաջադրելու ժամկետը: Միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` վարչապետի ընտրությունը կայանում է առաջադրումների ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը` իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում:
Սակայն վարչապետի ընտրությունը տեղի կունենա ոչ թե այսօր, այլ վաղը: Եվ այս դեպքում պատճառը Սահմանադրությունում ամրագրված դրույթներն են. ի վերջո Սահմանադրությունը գերակա է ԱԺ կանոնակարգ-օրենքին, եւ հենց այդ պատճառով էլ ընտրությունը կկայանա վաղը: Մասնավորապես 149-րդ հոդվածում ամրագրված է.
«Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն.. Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»: Յոթերորդ օրն էլ հենց վաղն է: Սակայն ուշագրավն այն է, որ նույնիսկ մասնագետները մինչեւ վերջ չէին կողմնորոշվում, թե որ հիմնավորմամբ պետք է շարժվել եւ կազմակերպել վարչապետի ընտրություն:
Եվ սա էլ բխում է այն հանգամանքից, որ շատ օրենքների դրույթներ հակասում են մեկը մյուսին, եւ այսպիսի պայմաններում կիրառման խնդիր է առաջանում: