Մարդիկ դիմում են ինձ, ասում են` բա ինչու չեք ասում ինչ անենք. Տավուշի մարզպետը` գյուղապետերին ուղղորդելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ թվարկեց Նախկին ընտրությունների փորձից վտանգավոր ավանդույթները, որոնք բոլորը պետք է բացառվեն. հանրակրթության ոլորտի ներքաշում քարոզչության մեջ, վարչական լծակների կիրառում ընտրողներին ուղղորդելու համար, այսպես կոչված «ասողների ինստիտուտի» կիրառում, դահլիճների ընտրովի տրամադրում նախընտրելի և ոչ նախընտրելի ուժերի և այլն։

Սակայն ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մի քանի մարզպետեր արդեն սկսել են քարոզչական գործընթացքը: Մասնավորապես, նրանք հանդիպումներ են ունենում համայնքապետերի հետ եւ փորձում ուղղորդել նրանց:

Տավուշի մարզպետ Վահե Խալումյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ իրենց մարզում նման բան չկա: Պարզվում է, որ գյուղապետերի մի մասը նույնիսկ զարմացել է, որ ուղղորդումներ չկան:

«Իմ գործողություններում նախընտրական շրջանի հետ կապված ոչ մի փոփոխություն չկա: Ես նույն գրաֆիկով աշխատում եմ: Իհարկե, ամեն շաբաթ ես ունենում եմ այցելություններ տարածաշրջաններ, այսինքն` նույն կերպ շարունակում եմ: Նախընտրական թեմաներով ես խոսել եմ համայնքապետերի հետ եւ վարչապետի կողմից նշված խնդրիը նույն խստությամբ դրել եմ իրենց առաջ:

Նաև դպրոցների, հիվանդանոցների տնօրենների հետ խոսակցությունների ժամանակ պարբերաբար նշում եմ այդ մասին: Մեր կողմից հստակ պահանջ է դրվում, բայց մարդիկ սովոր են, որ իրենց պետք է ուղղորդեն: Մենք ունենք համայնքապետեր, որոնք պատրաստ են մեզ օգտակար լինել, բայց որ ասում ենք, որ օգտակար լինել պետք է նման բաներ բացառելով, նրանք դա տարօրինակ ձևով են ընդունում: Մարդիկ կան դիմում են ինձ, ասում են` բա ինչու չեք ասում ինչ անենք:

Բայց ըnդհանուր խոսակցությունից հետո կարծում եմ` բոլորին հասկանալի է դառնում: Ամեն ինչ պիտի անենք, որ բացառենք նման երևույթները, բայց ճիշտն ասած չգիտեմ` ինչքանով կստացվի»,-մեզ հետ զրույցում մանրամասցնեց մարզպետը:

 




Լրահոս