Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է` բնականաբար, հօգուտ հարեւան պետությունների, իսկ պատկան մարմինները ինչպես ՀՀԿ իշխանության օրոք, այնպես էլ հիմա, ոչինչ չեն ձեռնարկում, միայն լուռ հետեւում են: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Լոռու մարզում անտառների հատման հետեւանքով, Արմավիրում՝ Արաքս գետից ավազը հանելու արդյունքում սահմանի գիծը պարբերաբար հետ է մղվում: Ու թեեւ այս հարցի վերաբերյալ պետական մակարդակով լուրջ քննարկումներ են եղել, բայց խնդիրը չի լուծվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում այս մասին Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով ընդամենը 9 օր առաջ է այս պաշտոնին նշանակվել: Նրա օգնական ներկայացած Գայանեն խոստացավ, որ խնդրի շուրջ մարզպետարանն առաջիկայում տեղեկություն կտա, երբ` չիմացանք:
Պարզվում է` նույն վիճակն է նաեւ սահմանամերձ Տավուշի մարզում: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդիրների շուրջ դիմեց նաեւ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, սակայն պարզվեց, որ նա անգամ տեղյակ չէր: Մինչդեռ Ղալումյանը Տավուշի մարզպետի պաշտոնին է արդեն 5 ամիս: Փաստորեն, մեր երկրի կարեւորագույն խնդրին տեղյակ չէ:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այս ահազանգը ունի կոնկրետ հասցեատերեր` ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյան, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան»: Նրանք պարտավոր են պահպանել ՀՀ պետական սահմանը:
Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որեւէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել է, եւ մեքենաներ են գնել առցանց աճուրդներով ու կանգնել փաստի առաջ, նախարարը պատասխանեց. «Թող գնան եւ պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձեւի հրապարակվել է, պետք է տեղեկանային»: Մեր մյուս հարցին, թե մարդիկ բերել են ու փաստացի խնդրի առաջ կանգնել, նախարարն ավելի ցնցող պատասխան տվեց. «Դե մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում եւ այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում»: Դե, իհարկե, մարդիկ էլ կան, որ պատկերացում չունեն իրենց՝ նախարարի կարգավիճակի լրջության մասին: Իսկ իշխանական ՔՊ-ականները Հունան Պողոսյանի դեմ են պայքարում՝ պայքարի իրական թիրախին թողած:
2020 թվականին ՀՀ իշխանություններին բարդ տարի է սպասվում: Բանն այն է, որ Հայաստանը դեռեւս 2013 թվականին 7 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր էր թողարկել, տարեկան տոկոսադրույքն էլ կազմում էր 6.25 տոկոս: Ու այդ պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2020 թվականին: Սակայն սա միակ պարտավորությունը չէ, որ պետք է մարել: Բանն այն է, որ 2020 թվականին միայն արտաքին պարտքի սպասարկման գումարը հասնելու է 800-900 մլն դոլարի, եւ 2013թ. թողարկած 700 մլն դոլարից 500 մլն-ի մարումը եւս մտնում է այդ գումարի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պարտատոմսեր թողարկելու որոշումներից մեկը կայացվել է Տիգրան Սարգսյանի, մյուսն էլ` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում: Եվ փաստացի նախկինում կայացված որոշումների համար այժմ եւ հետագայում վատ դրության մեջ են հայտնվելու օրվա իշխանությունները: Թե ինչ միջոցներով, դեռ հայտնի չէ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` փորձաքննությամբ ապացուցվել է, որ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի գործով հրապարակված ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ, թեեւ նա մեղադրվում է մարդկանց երկար անազատության մեջ պահելու համար: Ինչպես հայտնի է, 2018 հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին: Նրան մեղադրանք առաջադրվեց 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու համար: Եվ նրան ձերբակալելուց հետո էլ հիշյալ ձայնագրությունը հրապարակվեց: Այսպիսով, շուրջ 3 ամիս մնալով կալանքի տակ` սեպտեմբերի 20-ին Արթուր Ասատրյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Ու հիմա էլ մեկ այլ խնդրի առաջ է կանգնել. Հռոմի 2 պապերի հետ անձնական հարաբերություններ ունեցողի անձնագիրը չեն տալիս մինչեւ քննության ավարտը:
ԵՎՐՈԴԱԲՐՈ
Ի հեճուկս նախկին իշխանության՝ ՀՀԿ ջանքերի եւ Վիգեն Սարգսյանի ծայրահեղական կանխատեսումների` Եվրամիությունն ու երեք երկրներ` Գերմանիան, Միացյալ թագավորությունը եւ Շվեդիան, առանձին հայտարարել են, որ պատրաստ են աջակցել ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ավելին` ֆինանսական աջակցություն տրամադրել կառավարությանը:
«Ազատության» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Դա շատ ուժեղ հայտարարություն է: Տեղեկացնեմ ձեզ, որ դեպի Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն` կաջակցեն Եվրամիությունը եւ երեք անդամ պետությունները: Չեն լինելու ո՛չ ամերիկյան փողեր, ո՛չ ճապոնական փողեր: Դա շատ կարեւոր է, դա հայտարարություն է եւ, անկեղծ ասած, ես իսկապես շատ հպարտ եմ մեզ համար, որովհետեւ Եվրամիությանը սովորաբար շատ ժամանակ է անհրաժեշտ լինում, բայց մենք միշտ մեր մտքի ծայրում ունեցել ենք, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի շուտ: Այնպես որ, մենք գումար ենք նախատեսել: Ըստ էության, Հայաստանի կառավարության ներդրմամբ բոլոր կարիքները բավարարված են: Չափանիշները նույնն են, ինչ 2017 թվականին` ընտրողների նույնականացումն ու տեսախցիկները: Կան որոշ լոգիստիկ դժվարություններ, քանի որ ՄԱԿ-ի համար այս կարճ ժամանակահատվածը դժվարություն է ներկայացնում: Բայց նրանք մեզ ասում են, որ պատրաստ են դա անել: Կլինեն լրացուցիչ ծախսեր», – ասել է Սվիտալսկին:
Սա ոչ այլ ինչ է, քան ապտակ ՀՀԿ-ին, որի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չէին խնայում եվրոպական կառույցներում մատուցելու տեղեկություն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, նրա կառավարությունը` ոչ կոմպետենտ, իսկ ընտրությունները` անցանկալի: Հիմա պարզվում է, որ եվրոպական կառույցները ոչ միայն աջակցում են Փաշինյանի կառավարության` արտահերթի ծրագրին, այլեւ աջակցում` խոստանալով տրամադրել 3 մլն դոլարից ավելի գումար:
Այս հայտարարությունը կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ եթե մինչ օրս ասվում էր, թե Վենետիկի հանձնաժողովը չի տալու դրական եզրակացություն հապշտապ գրված Ընտրական օրենսգրքին, եւ, հետեւաբար, աշխարհը չի ընդունելու դեկտեմբերին պլանավորվող արտահերթ ընտրությունները, իրականում ընդամենը սխալ կանխատեսումներ էին: Ավելին` Եվրամիությունը` ի դեմս հայաստանյան ներկայացուցչի, հայտարարում է. «Հայաստանը պետք է իմանա, որ հաջորդ տարի կլինեն քննարկումներ նոր, բազմամյա ֆինանսական շրջանակների վերաբերյալ: Եվ եթե Հայաստանն իրեն որպես լավ բրենդ դրսեւորի, ներկայանա որպես բարեփոխումներին միտված երկիր, որ բարեխղճորեն է ծախսում Եվրամիության միջոցները, ապա առաջիկա ֆինանսական հեռանկարում նա կարող է պատկառելի գումարներ ակնկալել»: