«Եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին»: Երեկ այսպիսի հայտարարություն տարածվեց ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի միջեւ հանդիպումից հետո: Իհարկե այս հայտարարությունը կարող ենք իշխանությունների փոքրիկ հաղթանակը համարել, սակայն իրականությունն այն է, որ խախտվում է Վենետիկի հանձնաժողովի գործունեության ավանդույթը, եւ հանձնաժողովը, այնուամենայնիվ, եզրակացությունը չի տալու: Ու որքան էլ արտահերթ ընտրական գործընթացին չխոչընդոտելու մասին հայտարարություն եղավ, սակայն ռիսկեր կան: Հավելենք, որ նախօրեին էլ նմանատիպ հայտարարություն էր արել ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն Եվրամիությունը եւ երեք անդամ պետությունները»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց այդ օրը` մինչ նրա հարցազրույցը, հանդիպում է եղել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ, սակայն հանդիպումն այդքան էլ հարթ չի գնացել եւ դա է վկայում հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահի զայրացած տեսքն ու Սվիտալսկու` գործող իշխանություններին սատարելու հայտարարությունը:
Այն, որ հայրենի իրավապահ համակարգը չի փայլում պրոֆեսիոնալիզմով, վաղուց որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Եթե հին Հայաստանում այս կամ այն մարդու վրա «գործեր» էին սարքվում, դասականի ասած, «ուչաստկովիի մակարդակով», ապա հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ազատություն ունեն, առավել տխուր իրավիճակների ենք ականատես լինում: Պաշտոնական հաղորդագրություններից սկսած մինչեւ ուժային կառույցների ղեկավարների կողմից տրված հարցազրույցներում կարելի է հանդիպել մականուններով, անձնական որակումներով, չհիմնավորված կասկածներով համեմված տեքստերի: Ու քանի որ կյանքը ցույց տվեց` ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի եւ նախկին կոռումպացված չինովնիկների դեմ հարուցված քրգործերի հիմնավորումները, մեղմ ասած, թերի էին, իսկ դրանից առաջ արված հայտարարությունները՝ աղմկահարույց, քննչական մարմիններում հստակ որոշում է կայացվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննչականներում հրահանգվել է այսուհետ որեւէ գործի մասին ոչինչ չխոսել: Անգամ եթե պաշտպանական կողմը հայտարարություններ անի, որեւէ կերպ չարձագանքել:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի մասին, որը պետբյուջեի հաշվին շռայլ գնումներով է աչքի ընկել: Անգամ սիգարետներ էին գնել: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ շատ էին ցանկանում, որ «Ժողովուրդ» օրաթերթը ներկա լիներ: Գնացինք եւ հետաքրքրվեցինք, թե ինչու են պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել: «Սիգարետները կոնկրետ պատվերով է, Լիբանանի գործատուներից մեկը, որը դիստրիբյուտոր է Լիբանանում, հետաքրքրված է «Սիգարոն»-ի սիգարետներով, որովհետեւ մեր այցի շրջանակներում ոնց որ տեսել է գործընկերոջ ձեռքին «Սիգարոն», հետաքրքրվել է այդ բրենդով: Խնդրել է, որ իրեն փաթեթ ուղարկենք 10 հատանոց ամեն մեկից, որ ինքը դա նայի, ուսումնասիրի»: Ու պարզվում է՝ չի հավանել «Սիգարոն»-ը ու այդպես էլ չի ներկրել Լիբանան: Հավելենք, որ այս հիմնադրամը նախկինում կոչվել է «Հայաստանի զարգացման հիմնադրամ», 2017-ին պետբյուջեից ստացել է 771 մլն 725 հազար դրամ, որից մոտ 325 մլն դրամը ծախսվել է որպես աշխատավարձ։ Միայն Ավակյանի աշխատավարձը կազմում է շուրջ 1 մլն դրամ։
ՀՀ Արարատի մարզի ԲՀԿ քվոտայով հունիսի 29-ին փոխմարզպետ նշանակված Արթուր Մկրտչյանը դարձյալ վերադարձել է աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մկրտչյանը հոկտեմբերի սկզբին ազատվել էր փոխմարզպետի պաշտոնից, որովհետեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանով` այդ շրջանում աշխատանքից ազատվում էին ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական նախարարներ ու մարզպետներ: Փաստորեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ստորագրված հուշագիրը իր պտուղներն է տվել: Արդյունքում Մկրտչյանը վերադարձել է աշխատանքի: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նախ մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հետ: Սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին, անհասանելի էր նաեւ Արթուր Մկրտչյանի աշխատանքային հեռախոսահամարը: Արարատի մարզպետարանում, կարծես թե, անգործության մթնոլորտ է: Նշենք, որ Արթուր Մկրտչյանը ժամանակին եղել է Հովտաշենի գյուղապետ:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել: Սակայն դատելով ՀՀԿ-ականների հայտարարություններից` գոնե այս պահին իրենք հակված են մասնակցելուն: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Ինձ թվում է, որ ճիշտը մասնակցությունն է, եւ դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք։ Չեմ ցանկանում միանձնյա որոշում կայացնել, պարզապես կան կարծիքներ, հիմնական կարծիքները` մասնակցելն է»: Նման տեսակետ է հայտնել նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ասելով. «Որեւէ որոշում կուսակցությունը չունի: Իմ եւ գործընկերներիս կարծիքը շատ պարզ է բոլորին՝ մենք նշել ենք, որ կուսակցությունը պետք է մասնակցի այս ընտրություններին եւ պետք է մասնակցի ոչ թե 4-րդ կամ 3-րդ տեղը գրավելու ակնկալիքով, այլ պետք է մասնակցի, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն, որովհետեւ այսօր միակ գաղափարական ընդդիմությունը ՀՀԿ-ն է»:
ՀՀԿ-ում, փաստորեն, իրենց հնարավորությունների մասին բավական մեծ, շատ մեծ կարծիք ունեն: ճիշտ է, նրանք նախկինի նման չեն խոսում հաղթանակի՝ Մելիք-Ադամյանով անցնելու մասին, չեն խոսում խորհրդարանում մեծամասնություն կազմելու մասին, բայց խոսում են ԱԺ-ում ներկայացվածություն ունենալուց այն դեպքում, երբ ընդհանրապես հարցականի տակ է ՀՀԿ-ի՝ խորհրդարան անցնելը: Ի վերջո, հասարակությունը դեռ չի մոռացել ՀՀԿ իշխանության քսան տարիները, չի մոռացել այդ տարիներին իր հանդեպ այդ կուսակցության ներկայացուցիչ պաշտոնյաների արածները: Անգամ պետք չեն լուրջ սոցիոլոգիական հետազոտություններ պատկերացում կազմելու համար ՀՀԿ իրական վարկանիշի մասին:
Բայց մյուս կողմից ՀՀԿ-ին չէր խանգարի իսկապես մասնակցել ԱԺ ընտրություններին՝ տեսնելու իրենց իրական վարկանիշը: Ի վերջո, այս քսան տարիների ընթացքում անցկացված ընտրությունների ժամանակ նրանց ստացած քվեները որեւէ կապ չունեն իրենց իրական վարկանիշի հետ. ՀՀԿ-ն ձայն ստացել է միայն վարչական ռեսուրսները գործադրելու, ընտրակաշառք բաժանելու եւ ընտրակեղծիքի արդյունքում: Մինչդեռ հիմա նրանք փորձելու են պայքարել քաղաքական դաշտում, հավասար պայմաններում: Իրավիճակ, որտեղ ՀՀԿ-ի համար գործելը շատ դժվար է լինելու: Բայց դե ճշմարտությունն իմանալու համար արժի ռիսկի դիմել, թեկուզ եւ իմանալով, որ դրա համար մեծ գին է պահանջվում: