Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Երդվյալ ազատամարտիկների միության» 6-րդ համագումարը, որի ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է: Այդ օրը տեղի ունեցած համագումարին մասնակցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ մինչ բոլորը կարծում էին, թե Ռուբեն Գեւորգյանը հենց վերջինիս կուսակցության համամասնական ցուցակով է մասնակցելու ընտրություններին, ԲՀԿ նախագահը հենց համագումարի օրը փոխեց խաղաքարտերը եւ հայտարարեց, թե Ռուբեն Գեւորգյանն իրենց ցուցակում չի լինի:
«Պարոն Գեւորգյանը դեպուտատ չի լինելու, ասեմ` իմանաք, ինքը նվիրյալ է, ինքը դրանով ապրում ա, դա իր կյանքով, գործով ապացուցել է, բոլորն էլ գիտեն։ Ես իմ «Բարգավաճի» ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ, լինելու են նորմալ, ամեն ինչ կտեսնեք»,- նշել էր Գագիկ Ծառուկյանը, որին Գեւորգյանը ոսկե մեդալ շնորհեց: Իհարկե, նորմալ երեւույթ է, որ պատերազմի թոհուբոհով անցած, կռված անձն իր ընկերների հետ միասին համագումար է անում, հրավիրում իր նախկին կուսակցության ղեկավարին: Սակայն Ռուբեն Գեւորգյանի կենսագրությունն ուսումնասիրելիս ականատես ես լինում մի իրավիճակի, երբ վերջինս անընդհատ տարբեր բեւեռներում է եղել եւ իրարամերժ հայտարարություններ արել:
Ըստ այդմ, Ռուբեն Գեւորգյանը երկու անգամ ԲՀԿ համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր է եղել, սակայն մինչ այդ, ըստ էության, մոռացված է եղել, եւ քաղաքական հենարանը հենց Ծառուկյանն է հանդիսացել: Ընդ որում, Ռուբեն Գեւորգյանը տարբեր ժամանակներում ԲՀԿ-ին հավատարմության երդումներ է տվել, թե երբեք այդ կուսակցությունից դուրս չի գա: Հիշեցնենք, որ այդ հայտարարությունը նա արել էր 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ շատ ԲՀԿ-ականներ պարզապես ճամբարափոխ եղան: «Ժամանակին ԲՀԿ-ից դուրս գալու բազում պատճառներ են եղել, բայց իմ մեջ պայքարել եմ տեսակս մաքուր պահելու համար: Հարցը ԲՀԿ-ն չէ, հարցը 4 պատն է, դա լինի կազմակերպության, թե կալանավայրում գտնվող խցիկի պատեր, ես պետք է վերջինը դուրս գամ, կհրեն, գցեն, թե ինքս դուրս կգամ, կապ չունի, վերջինը: ԲՀԿ-ից դուրս չեմ գա, քանի որ կյանքումս ինձ հանդիպած, անգամ կործանվող վագոններից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է միշտ եղել եւ այդպես էլ կլինի», – հայտարարել էր նա:
Սակայն, ինչպես կյանքում հաճախ է լինում, նախկին պատգամավորը չպահեց իր խոստումը եւ 2017 փետրվարի 7-ին հայտարարեց ԲՀԿ-ն լքելու մասին: Ընդ որում, նա այդ կուսակցության անդամ էր եղել 10 տարի: Վերջինս պարզաբանել էր, թե այդպիսի որոշում էր կայացրել, քանի որ ԲՀԿ-ն որոշել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: «Դաշինքի ստեղծումը խայտաբղետ վիճակ է։ ԲՀԿ-ի այսքան չարչարանքից հետո, առաջնորդի երկու տարվա սառնությունից հետո, երկու տարի չարչարվեցինք ու պահեցինք ԲՀԿ վարկանիշը, իսկ ընտրության շեմին ԲՀԿ-ն, կարծես թե, խաղից դուրս եկավ։ Իմ թիմի հետ ես կարող էի գնալ ընտրությունների», – նշեց նա՝ հավելելով, որ իրեն չի տեսնում դաշինքի կազմում։
Ընդ որում` Ռուբեն Գեւորգյանը դրանից հետո շատ սերտ հարաբերությունների մեջ էր ՀՀԿ-ական գործիչների, այդ թվում` Սերժ Սարգսյանի հետ եւ միշտ էլ հայտարարել էր, թե ՀՀԿ-ն իրեն հոգեհարազատ կուսակցություն է համարում: Եվ իրեն այնքան հարազատ է համարել այդ կուսակցության ղեկավարին, որ անգամ ապրիլյան պատերազմից հետո, երբ բոլորը բարձրաձայնում էին 800հա հող հանձնելու մասին, իրեն սկզբունքային գործիչ հայտարարած Ռուբեն Գեւորգյանի ձայնն անգամ չեկավ: «1990-ականներից առ այսօր նժդեհական գաղափարախոսությունն իմ արյան մեջ է նստած։ ՀՀԿ-ն ինձ հոգեհարազատ կուսակցություն է, բայց հոգեհարազատ լինելն այլ բան է, խնդրել, որ ցուցակում լինես, այլ բան», – մի առիթով ասել էր Ռուբեն Գեւորգյանը: Եվ հիմա էլ ՀՀԿ-ին հոգեհարազատ համարող Գեւորգյանն իր համագումարին հրավիրում է Գագիկ Ծառուկյանին, ոչ թե ՀՀԿ-ականներին:
Նրա փոփոխական գործելաոճը պահպանվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի դեպքում: Մասնավորապես, մայիսի 3-ին նա ողջունել էր համաժողովրդական շարժումն ու գրել. «Ողջունում ենք շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին այդ շարժումը առաջնորդելու համար, ում կազմակերպչական ու քաղաքական բարձր ունակության շնորհիվ հարյուր հազարավոր ցուցարարներ չդարձան ամբոխ»։ Սակայն արդեն մայիսի 16-ին եւ մեկ անգամ էլ սեպտեմբերի 20-ին նա արդեն քննադատում էր Նիկոլ Փաշինյանին` «Կա՛նգ առ, Նիկոլ» վանկարկումով: Հետաքրքիր է` ի վերջո քանի իրական կերպարով է քաղաքականության մեջ հանդես գալիս Ռուբեն Գեւորգյանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓՆՏՐՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այդպես էլ չի կարողանում լուծել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ս. Սարգսյանն առաջիկայում կլքի կառավարական ամառանոցը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ նախորդ նախագահներին տրամադրված գույքի համեմատ կընտրեն ամենահարմար եւ ամենաադեկվատ տարբերակը եւ վերջին անգամ կառաջարկեն Սարգսյանի գրասենյակին: Սակայն նրա այս հայտարարությունից հետո որեւէ քայլ չի արվել: Մինչդեռ պաշտոնական հարաբերությունները պարտադրում են այդ խնդիրը պատշաճ լուծել՝ անկախ Ս. Սարգսյանի նկատմամբ առկա հասարակական բացասական տրամադրություններից: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում բնակություն կհաստատի Ձորաղբյուրում, որտեղ գտնվում է նրա խնամուն պատկանող ամառանոցը: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հետ, սակայն նա ո՛չ հեռախոսազանգերին պատասխանեց եւ ո՛չ էլ մեր նամակներին:
100 ՄԻԼԻՈՆԸ ՎՃԱՐԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին պաշտոնատար անձինք իրենց անվան հետ կապվող ընկերությունների կողմից բացահայտված չարաշահումների գործով խոշոր չափերի գումար են փոխանցել ՀՀ պետբյուջե:
Մասնավորապես, այս տարվա օգոստոս ամսին բացահայտվեց ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված չարաշահումների մասին, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Գործով անցնում էին մի շարք ընկերություններ, որոնք կապվում են նախկին պաշտոնատար անձանց հետ: Մասնավորապես, չարաշահումներ էին հայտնաբերվել «Դավիթ եւ Էլինա» ՍՊ ընկերությունում, որ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն` Էդգար Սեդրակյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Սեդրակյանների ընտանիքը 100 միլիոն դրամ է վերադարձրել պետբյուջե:
ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նշանակվելու հարցը մնացել է օդում կախված: Բանն այն է, որ այս վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին Մարությանը մտադրություն ուներ նշանակել Դավիթ Կարապետյանին, ով, ի դեպ, համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները: Սակայն Կարապետյանին այդ պաշտոնին նշանակելու մասով խնդիրներ են առաջացել: Այս ընթացքում տեսակետ է շրջանառվում, որ Կարապետյանի կենսագրական որոշ տվյալներ չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնցով կարող է նշանակվել այդ պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Դավիթ Կարապետյանից, սակայն նա չարձագանքեց մեր գրավոր հարցումներին:
ՉԻ ԻՐԱԿԱՆԱՆԱ
Պաշտոնական Բաքուն պատրաստ չէ կոնկրետ կառուցողական քայլերի գնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. այս մասին հայտնել է ԼՂՀ մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ «Շատ շնորհակալություն պարոն Մամեդյարովին այդքան «արժեքավոր» առաջարկի համար։ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքում հստակ նկատվում է Բաքվին յուրահատուկ գիծը՝ մի կողմից ձեւացնել, թե պատրաստ են պայմանավորվել, իսկ մյուս կողմից չհրաժարվել դրված նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների նպատակը Արցախը աստիճանաբար, անարյուն իրենց տարածքի մեջ ներառելն է։ Նման սցենարը ղարաբաղցիներին զրկում է որեւէ իրավունքից, խաչ է քաշում Արցախի ապագայի վրա, իսկ հայ բնակչությունը արգելանքի ներքո ու առանձնացված կլինի։ Ադրբեջանի իշխանությունների նպատակն է «սպիտակ ցեղասպանություն» իրականացնել։ Սակայն այդ սցենարը չի իրականանալու։ Հետեւաբար, բոլոր հայտարարություններին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել»,-շեշտել է Բաբայանը:
ԲՈՅԿՈՏ ԱԺ-ՈՒՄ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը կքննարկի երկուշաբթի օրը՝ ժամը 11։00-ին, արտահերթ նիստով. այս մասին ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «35 ստորագրությամբ մենք այս փաթեթը կհանձնենք քարտուղարություն, ինչը նշանակում է, որ երկուշաբթի օրը կունենանք արտահերթ նիստ», – ասել է նա։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ-ի համար շանս է համարում եւ հորդորում այն օգտագործել։ Ի դեպ, երեկ ԱԺ-ում մեկնարկեց հայտարարությունների ժամը: Ելույթով հադես գալու համար հերթագրվել են 10 պատգամավորներ, նիստը նախագահել է Միքայել Մելքումյանը: ՀՀԿ խմբակցությունից որեւէ ներկայացուցիչ դահլիճում չի եղել:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ
««Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Հովհաննես Ղազարյանը: «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության՝ երկու ամսից ավելի շարունակված բազմափուլ գործընթացի արդյունքում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանն է արժանացել Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը: Վստահ ենք՝ նրանցից շատերի հետ համագործակցելու առիթներ դեռ կլինեն: Նա պաշտոնը կստանձնի նոյեմբերի 1-ից», – գրված է հիմնադրամի հայտարարության մեջ։
ՆՈՐ ԹԱՂԱՊԵՏԵՐ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, Երեւանի Կենտրոն, Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը. նա այդ պաշտոնում փոխարինելու է երեկ իր հրաժարականի մասին տեղեկացրած Արա Սադոյանին: Թելման Թադեւոսյանը նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար՝ փոխարինելով Արթուր Կիրակոսյանին: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը. նա փոխարինելու է Դավիթ Գրիգորյանին։