ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը բավականին հետաքրքիր նրբերանգներ ունեցավ` ինչ-որ չափով անակնկալի բերելով շատերին: Իր կոշտ քաղաքականությամբ հայտնի Բոլթոնը Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումներում, ըստ էության, ցուցաբերեց առավելագույն ընկալունակություն եւ, կարելի է ասել, նույնիսկ դրական ազդակ հաղորդեց հայ-ամերիկյան հարաբերություններին: Սակայն առավել ուշագրավ են Բոլթոնի հայտարարությունների ենթատեքստերը, որոնք փոխանցում են Թրամփի վարչակազմում Կովկասի հանդեպ քաղաքականության փոփոխության մասին:
Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության նշանաբանը մեկնարկում եւ հանգում է միայն մեկ կետի` ամեն ինչում առաջնահերթ է ամերիկյան շահը: Եվ լինելով հաջող բիզնեսմեն` Թրամփը քաղաքականությանը նայում է հենց այդ հայացքով, երբ ԱՄՆ-ի ներգրավվածությունը համաշխարհային հարցերին չափվում է ֆինանսական օգուտների ու կորուստների տեսանկյունից: Սա Թրամփի համար չափազանց կարեւոր հանգամանք է, որը ոչ միայն առկա է հայտարարությունների մակարդակում, այլեւ գործնական ասպարեզում: ԱՄՆ նախագահի այսօրինակ քաղաքականությունը նորություն չէ, քանի որ ամերիկյան քաղաքական վերնախավը միշտ էլ հետապնդել է սեփական պետության շահերի սպասարկումը: Խնդիրն այդ սպասարկման ձեւի մեջ է, երբ մի կողմից դեմոկրատ վարչակազմը նախընտրում է փափուկ ուժի քաղաքականությունը, իսկ հանրապետականները հիմնականում ավելի կոշտ են: Թրամփի պարագայում այդ կոպտությունը դուրս է քաղաքավարության շրջանակից եւ դրսեւորվում է ամերիկյան օգուտի մասին բացեիբաց հայտարարություններով: Այդպես Միացյալ Նահանգները հանգեց ՆԱՏՕ-ում դաշնակիցների հետ խնդիրներին` պահանջելով վերջիններից կատարել իրենց իսկ ստանձնած ֆինանսական պարտավորությունները: Այս մի դրվագը որպես օրինակ դիտելով` առնվազն կարելի է պնդել, որ ԱՄՆ 45-րդ նախագահի վարչակազմի համար ֆինանսական վատնումները անթույլատրելի շքեղություն են համարվում: Այս տեսանկյունից էլ Թրամփի վարչակազմը արտաքին քաղաքականություն վարելիս նախ դիտում է ԱՄՆ-ի ֆինանսական օգուտը:
Այդ տրամաբանությունը հստակորեն դրսեւորվեց Ջոն Բոլթոնի երեւանյան ասուլիսում, որտեղ նա հայտարարեց, որ ամերիկյան եւ ռուսական զենքի միջեւ որակով ավելի նախընտրելի է առաջինը: Նա ակնարկեց, որ ԱՄՆ-ն առաջիկայում կարող է վերանայել Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական տեխնիկա չվաճառելու` տասնամյակներով շարունակվող քաղաքականությունը: Նա այդ վաճառքի արգելքի քաղաքական բովանդակությունը նեղացրեց զենքի առեւտրի մակարդակում` հայտարարելով, որ եթե կողմերը ընտրություն ունեն, ավելի ճիշտ կանեն հրաժարվել ռուսականից: Թեպետ Բոլթոնը հարցը ներկայացրեց քաղաքական ազդեցության տեսանկյունից` պնդելով, որ երկու կողմերին զենք վաճառելու փաստացի մենաշնորհով Ռուսաստանն ազդում է հակամարտության ընթացքի վրա, սակայն պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն հակամարտությունը սկսել է դիտարկել կոմերցիոն տրամաբանությունից: Ռուսաստանի համար Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելը, առեւտուր լինելով հանդերձ, միաժամանակ երաշխավորում է աշխարհաքաղաքական կախվածությամբ: Որքան կախված են երկու կողմերը Ռուսաստանից, այնքան ականջալուր են վերջինիս «հորդորներին»: Եվ ահա ԱՄՆ-ն փորձում է առեւտրային բաղադրիչով գործնական ազդեցություն հաստատել ԼՂ հակամարտության վրա, այլ կերպ ասած` նախաձեռնել Հայաստանն ու Ադրբեջանն ամերիկյան ազդեցության գոտի տեղափոխելու բավականին տարողունակ մի քաղաքականություն: Դրա հաջողության համար տարիներ են հարկավոր, սակայն առաջին քայլը զենքի վաճառքն է: Ըստ այդմ` Բոլթոնի հայտարարության ենթատեքստն այն է, որ ԱՄՆ-ն առայժմ հետաքրքրված է զենքի վաճառքից գոյացող եկամուտներով, որը հետագայում անխուսափելիորեն կվերածվի քաղաքական կապիտալի ու աշխարհաքաղաքական ազդեցության: Դա Միացյալ Նահանգների համար պայմանավորված է ոչ միայն ֆինանսական օգուտներ ստանալու, այլեւ տարածաշրջանում ուժային ներկայություն ապահովելու կենսական նշանակությամբ` առաջնահերթորեն դիտարկելով Իրանի խնդիրը: Թրամփի վարչակազմը եւ հատկապես Ջոն Բոլթոնը Իրանը դիտարկում են ԱՄՆ-ի հիմնական աշխարհաքաղաքական սպառնալիքներից մեկը, որը, անկախ մեթոդներից, պետք է չեզոքացվի: Այս տեսանկյունից Իրանի հետ սահմանին գործող ռազմական կոնֆլիկտը սեփական ազդեցության ներքո պահելն իրական հնարավորություններ կարող է բացել ԱՄՆ-ի համար Իրանի վտանգը չեզոքացնելու քաղաքականության հարցում:
Արձանագրենք, որ կոմերցիոն հետաքրքրություններից զատ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի ակնարկը` երկու կողմերին զենք վաճառելու պատրաստակամության մասին, ազդարարում է ԱՄՆ քաղաքականության լրջագույն փոփոխությունը: Նախորդ տարիներին ԱՄՆ-ն, հրաժարվելով զենք վաճառելուց, ուղղակիորեն ցուցադրում էր իր մերժողականությունը հարցի ռազմական լուծման հանդեպ: Ռուսաստանը թեպետ խոսքային մակարդակներում խոսում էր խաղաղ լուծման անայլընտրանքայնության մասին, սակայն զենք վաճառելով` ինքնին նպաստում էր կոնֆլիկտի ռազմականացմանը իր սահմանած կանոնների շրջանակներում: ԱՄՆ վերնախավը սկզբունքային էր այս առումով, որի խոսքը լիովին համընկնում էր գործին: Այժմ ԱՄՆ-ն, փաստորեն, զենք առաջարկելով, ներգրավվում է Անդրկովկասում ընթացող ռազմական մրցակցության մեջ: Ըստ էության, ԱՄՆ քաղաքական վերնախավն անուղղակիորեն ճանաչում է կոնֆլիկտի ռազմական լուծման հնարավորությունը` փորձելով դրա կառավարելիության մեջ հաստատել իր մասնաբաժինը: Բոլթոնը, այսպիսով, շարունակեց իրողությունների ճանաչման թրամփյան ընդհանուր քաղաքականությունը նաեւ Անդրկովկասում` մեծահոգաբար առաջարկելով ամերիկյան որակյալ արտադրանքը, եթե կողմերը խաղաղ կարգավորման տարբերակ չեն տեսնում:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
Անձրեւային շրջանը բացված է, Գյումրիում էլ` ճանապարհաշինական աշխատանքները դադարեցված: Ամբողջ քաղաքը ցեխաջրերով է պատված: Շինարարն էլ շիվարել է. ինչպե՞ս է աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու:
Սիսիանի ճանապարհաշինական ընկերությունը, որն աշխատանքներ է ծավալել Տիգրան Մեծ փողոցում, անձրեւի տակ էլ շարունակում է աշխատել: Հարկավոր է գործը ժամկետում ավարտել: Այս ընկերության կողմից աշխատանքները դեռ մեկ ամիս առաջ էլ խոչընդոտվել էին. պատճառն այն էր, որ պատվիրատուն դժգոհ էր արդյունքից: Կարծես ամեն ինչ հարթվել ու հունի մեջ էր ընկել, հիմա էլ եղանակն է խոչընդոտում: Շինարարական կազմակերպության աշխղեկ Սարիկ Բեգոյանի փոխանցմամբ` փորձում են պարապ չնստել ու գոնե հողային աշխատանքներն ավարտել. «Խրամուղներն ենք փորում: Ասֆալտապատում իհարկե չենք անելու: Եթե եղանակը մինչեւ մինուս 5 աստիճան իջնի, կդադարեցնենք գործը: Այժմ ինչքան հնարավոր է, աշխատում ենք: Չենք կարող աշխատանքները կիսատ թողնել, Գյումրին էլ թողնել ցեխերի մեջ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Սիսիանի շինկազմակերպության աշխղեկ Սարիկ Բեգոյանը:
Նույն իրավիճակում են նաեւ մյուս շինկազմակերպությունները: Մերձմոսկովյան ԲԲԸ-ն Կոմիտաս փողոցում ասֆալտապատումը վերջին օրերին է ավարտել: Բայց թե ինչ ազդեցություն կունենան անձրեւաջրերը նոր փռված ասֆալտի վրա, միայն հաջորդ տարի պարզ կդառնա: Ճանապարհաշինարարները տարբեր ճանապարհահատվածներում կրկին հողային աշխատանքներ են կատարում. «Երեւանյան խճուղում ենք հիմա աշխատում ու Ջիվանու չորս հարակից փողոցում: Անձրեւը բնականաբար խանգարում է, բայց ինչքան հնարավոր է, աշխատում ենք: Հույս ունենք, որ հաջորդ շաբաթ կբացվի եղանակը, որ կարողանանք ժամանակին հասցնել գործը»,- ասաց Մերձմոսկովյան ԲԲԸ ինժեներ Մարզպետունի Քոչարյանը:
Նշենք, որ ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են ֆինանսական երեք ուղղությամբ` Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ, Համաշխարհային բանկ, ինչպես նաեւ Գյումրու բյուջեի միջոցներ:
Հորդառատ անձրեւների տակ էլ բոլոր փողոցներում շինարարները գործ են անում: Այն հարցին` արդյոք պահպանվում է որակը, շինարարների պատասխանը մեկն է` այլ ելք չկա, պետք է հասցնեն: Իսկ Գյումրու կենտրոնում փողոցաշինությունը նախատեսվում էր ավարտել մինչ դեկտեմբերի 7-ը, բայց ակնհայտ է, որ ժամկետների մեջ չեն տեղավորվում: Աշխատանքների ձգձգման հիմնական պատճառն էլ նախագծային փոփոխություններն են, պատվիրատուի ու շինկազմակերպության միջեւ առաջացած խնդիրները: Գյումրու քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանեցին, որ գործն ավարտելու են սահմանաված ժամկետում ամեն պարագայում:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
Հոկտեմբերի 22-ից ՀՀ պետական վերահսկողության ծառայության 6 աշխատողներ ուսումնասիրություններ են կատարում Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտի համայնքապետարանում: Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այդ ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթում նշված է, որ դրանք շարունակվելու են մինչեւ դեկտեմբերի 7-ը: Այդ աշխատողները ստուգում են Ազատամուտի համայնքապետարանի կողմից պետական բյուջեի գումարների ծախսման օրինականությունը:
Սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավարը հայտնեց, որ այդ ուսումնասիրությունների հետ կապված իրենց համայնքում իր հրաժարականի պահանջով հանրահավաքները, գյուղի միջնակարգ դպրոցում դասադուլները ներկայումս դադարել են: Նրա խոսքով` համայնքի ղեկավարի իր լիազորությունները դատախազության կողմից դադարեցված չեն, ինքը համայնքապետարան է ներկայանում, նաեւ պատասխանում համայնքապետարանում ուսումնասիրություններ կատարողների՝ իրեն ուղղված հարցերին:
Տեղեկացնենք, որ ներկայումս Ժ. Մարտիրոսյանի դեմ 2 քրեական գործ է քննվում` 2000 թվականի Ազատամուտի մի բնակչուհու բնակարանը խլելու` ինքնիրավչության, եւ գործուղումների համար նախատեսված գումարները յուրացնելու մեղադրանքներով: Ժ. Մարտիրոսյանը չի ընդունում այդ մեղադրանքները. նա ասաց, որ հոկտեմբերի 23-ին ինքը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն է ներկայացրել իր գործուղումների վերաբերյալ ֆինանսական փաստաթղթերը:
2008թ. Ազատամուտ համայնքը ղեկավարող Ժ. Մարտիրոսյանը սկզբում եղել է ԲՀԿ անդամ, հետո դարձել է ՀՀԿ անդամ: Նրա խոսքով` ինքը 2018թ. ապրիլի 26-ին դուրս է եկել ՀՀԿ-ից, միացել Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը: Նա կարծում է, որ համայնքապետարանում կատարվող ուսումնասիրությունների իրական նպատակն այն է, որ պարտադրված լինի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ