«Յուքոմ»-ի եւ «Ջի-Էն-Սի Ալֆա» -ի միջեւ հակամարտություն է ստեղծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի երկու խոշոր ընկերությունների` «Յուքոմ»-ի եւ «Ջի-Էն-Սի Ալֆա» -ի միջեւ հակամարտություն է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Յուքոմ» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերության եւ պահանջել կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետեւանքները:

Պարզվում է, որ «Յուքոմ»-ը պահանջում է, որպեսզի «Օրանժ Արմենիա» ՓԲԸ եւ «Ջի-Էն-Սի-Ալֆա»-ի միջեւ դեռեւս 2009 թվականին կնքված «մութ թելիկի» առուվաճառքի եւ ծառայությունների մատուցման վերաբերյալ առոչինչ պայմանագրի նկատմամբ կիրառվի անվավերության հետեւանքներ, պարտավորեցնել պատասխանողին վերադարձնել պայմանագրով ամբողջ ստացվածը՝ 577 մլն 344 հազար դրամ: Դատարանը հետ է վերադարձրել «Յուքոմ»-ի հայցը. պատճառը եղել է այն, որ հայցվորը չի վճարել պետական տուրքը: Սակայն «Յուքոմ»-ը հետո չի վճարել եւ հայցը չի պնդել:

Ի դեպ, նշենք, որ ըստ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի` «ՋիԷնՍի-Ալֆա» ՍՊԸ-ն իր գործունեությունը դադարեցրել է 2007 թվականին: Բայց «ՋիԷնՍի-ալֆա» ՓԲԸ-ն, որը 2012 թվականի փետրվարին դարձել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ, շարունակում է իր գործունեությունը:

Նշենք, որ ընկերության բաժնետոմսերը կվաճառվեն: ՀԾԿՀ-ն իր համաձայնությունն է տվել «Ջի-Էն-Սի-Ալֆա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ՄՏՍ Հայաստան» ընկերությանն օտարելուն: Հիշեցնենք, որ «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերության անունը կապված է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:




Լրահոս