«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չեն անհանգստացնում բռնաբարության վերաբերյալ մեղադրանքները:
«Դա Ռոնալդուի անձնական գործն է: Ես ցանկանում եմ խոսել միայն ֆուտբոլի մասին: Կրիշտիանուն չի անհանգստանում այդ մեղադրանքների պատճառով, լավ մարզվում է և հանգստացած վերադարձել է թիմ:
Չորս ամիս անդադար խաղալուց հետո նրան հանգիստ էր հարկավոր: Ես նրա անձնական հարցերով չեմ զբաղվում, բայց տեսնում եմ, որ Կրիշտիանուն հանգիստ է և լարված չէ: Մնացածն ինձ չի հետաքրքրում»,- Ալեգրիի խոսքը մեջբերել է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ ամերիկուհի մոդել Կետրին Մայորգան Ռոնալդուին մեղադրում է 2009 թվականին, Լաս Վեգասում իրեն բռնաբարելու մեջ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ ժամանակ Ռոնալդուն Մայորգային 375 հազար դոլար է վճարել լռելու համար, սակայն 2018 թվականի սեպտեմբերին մոդելը դիմում է ներկայացրել ոստիկանություն: