Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Ադբուլաևան հայտարարել էր ` որ միջազգային հանրությունը ընդունում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները Ադրբեջանի բաղկացուցիչ մաս են հանդիսանում, որոնք գրավվել են Հայաստանի զինված ուժերի կողմից և գտնվում են օկուպացված վիճակում, իսկ այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ:
Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
«Հիմա փորձել բացատրել այդ մարդկանց, թե ով ինչ քաղաքացիություն ունի անիմաստ է, այդպես են մտածում` թող մտածեն, եթե դա իրենց համար փոխում է իրականությունը և ստեղծում է այլ իրականություն, ինչի մեջ և շարունակում են ապրել տարիներ շարունակ, թող անեն: Ինչքան ուժ ունեն նրանք հայտարարեն, թե մենք ինչ քաղաքացիներ ենք, մեզ համար Արցախի հանրապետությունը մեր երկիրն է, հայրենիքի մի մասը, իսկ մեր հայրենիքը բաղկացած է երկու պետություններից ` Հայաստանի և Արցախի հանրապետություններից: Այդ երազանքները, ցնորամիտ հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունը, իրոք, լուրջ խնդիրներ ունի առողջ մտածելակերպի հետ, դա հիվանդության ախտորոշում է»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով նաև Լեյլա Ադբուլաևայի այն խոսքերին, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները պետք է ուղղված լինեն բանակցությունների արդյունավետ հիմքերի ստեղծմանը և ոչ թե լարվածության մեծացմանը, Բաբայանը նշեց. «Հերթական անհեթեթությունն է: Ալիևն էլ հայտարարում է, որ Հայաստանն է ամեն ինչ անում, որպեսզի խանգարի բանակցություններին, ցնորամիտ հայտարարություն է, ուրիշ ոչ մի բան»: