Օրերս Տավուշի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված քննարկման ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, կարեւորելով գյուղատնտեսության զարգացումը, դրա վերաբերյալ բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, հայտարարեց, որ Տավուշի մարզային հեռուստաընկերությամբ գյուղատնտեսական հաղորդում է պատրաստվելու եւ հեռարձակվելու, այն բնակիչների կողմից սպասված հաղորդում է լինելու:
Քննարկման ընդմիջմանը «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետին հիշեցրեց` Տավուշի մարզային հեռուստաընկերությունը շուրջ մեկ տարի եթեր դուրս չի գալիս, այն մասնավոր սեփականություն է, ունի շուրջ 7 միլիոն դրամ պարտավորություններ հարկային տեսչությանը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերին: Մարզպետ Չոբանյանը վստահեցրեց, որ հեռուստաընկերության վերագործարկման հարցը կլուծվի:
Ներկայումս Տավուշի մարզի բնակիչները թվային հեռարձակմամբ կարող են դիտել 9 հեռուստաալիք: Տավուշի մարզային «Տավուշի ՏՎ»-ն 2018թ. մարտից դադարեցրել է հեռարձակումը: Այդ հեռուստաընկերությունը նախկինում Տավուշի մարզի իրադարձությունների վերաբերյալ նորություններ եւ այլ հաղորդումներ չէր թողարկում, վերահեռարձում էր ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հունվարի 10-ի վճռով` «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Ներկայումս չեն գործում նաեւ մարզում անալոգային հեռարձակում իրականացրած Նոյեմբերյանի «Քամուտ» եւ Իջեւանի «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունները:
2019թ. մարտի 15-ին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության հիմնադիր, սեփականատեր Վարդան Անանյանը մարզպետ Չոբանյանին հայտնեց, որ ինքը նախօրեին` մարտի 14-ին, հանձնել է այդ հեռուստաընկերության` հեռարձակումներ կատարելու համար ստացած պետական արտոնագիրը: «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2018թ. փետրվարի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ: Այդ գործով դատական հերթական նիստը նշանակված է 2019թ. օգոստոսի 13-ին:
«Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն 2003 թվականից Իջեւան քաղաքում եւ հարակից տարածքում անալոգային ձեւաչափով հեռուստահաղորդումներ էր հեռարձակում, այդ պատճառով այն վերջին տարիներին հեռուստատեսային փոքր լսարան ուներ: Տավուշի մարզում գործող տեղական որեւէ ռադիոընկերություն չկա: Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզում բնակչությանը կարեւոր տեղեկատվություն հրատապ իրազեկելու համար տեղական հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերություների գործունեությունը անհրաժեշտություն է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ