Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում է շնորհվել Ռուբեն Շուգարյանին ու Լեւոն Խաչատրյանին: Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին էլ, նախագահի հրամանագրով, արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում էր շնորհվել Արմեն Բայբուրդյանին:
Իրականում այս երեք դիվանագետների դեպքում արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումը վերականգնվել է, ոչ թե նոր շնորհվել: Շուգարյանը, Խաչատրյանն ու Բայբուրդյանը ՀՀ այն դեսպաններն էին, որ ԱԳՆ մի քանի այլ աշխատակիցների հետ 2008թ. կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների օրերին հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից` նախազգուշացնելով նման քայլերի վտանգավոր հետեւանքները:
Հաջորդ պահին հետեւեց այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը՝ երեք դեսպաններին աշխատանքից ազատելու, նրանց արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումից զրկելու մասին: ԱԳ այն ժամանակ նախարար Վարդան Օսկանյանի հրամանով էլ աշխատանքից ազատվեցին հայտարարության տակ ստորագրած ԱԳՆ աշխատակիցները:
Թավշյա հեղափոխությունից հետո սպասվում էր, որ նոր իշխանությունները, որպես գաղափարական համերաշխության դրսեւորում, կվերականգնեն դեսպանների կոչումը` միաժամանակ աշխատանքի վերականգնելով քաղաքական հալածանքի զոհ դարձած տասը դիվանագետներին: Բայց ԱԳՆ-ն տեւական ժամանակ հապաղում էր այդ քայլին գնալ, իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ամեն կերպ փորձում էր խուսափողական պատասխաններ տալ: Ու միայն այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա նոյեմբերի 1-ին հայտարարեց արդարության վերականգնման ուղղությամբ քայլեր անելու մասին (մինչ այդ թեման անընդհատ բարձրաձայնել էր մամուլը՝ հատկապես «Ժողովուրդ» օրաթերթը), սառույցը տեղից շարժվեց:
Նոյեմբերին վարչապետը հայտարարել էր. «Այդ կապակցությամբ ես արդեն հանձնարարական եմ տվել արտգործնախարարին, եւ արդեն այդ մարդկանցից Արմեն Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս։ Արտգործնախարարն, իմ հանձնարարությամբ, զբաղվում է այդ խնդրով, որպեսզի այնտեղ, որտեղ առնչվում ենք արդարության վերականգնման հետ, այն վերականգնվի»։
Փաստորեն, երեք դիվանագետի կոչում վերականգնվել է, Շուգարյանն ու Խաչատրյանը նշանակվել են ԱԳ նախարարի խորհրդական: Աշխատանքից ազատված դիվանագետներից Վլադիմիր Կարապետյանն էլ այսօր ՀՀ վարչապետի խոսնակն է: Բայց մյուսների դեպքում դեռ խնդիրը մնում է չլուծված: