Արայիկ Հարությունյանը «խաչակրաց արշավանք» է սկսել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմիցս խոսվել է այն մասին, որ ոչ պետական բժշկական կրթական հաստատությունները Հայաստանի Հանրպետությունում վատ վիճակում են գտնվում: Մասնավորապես, համառ պնդումներ կան այն մասին, որ ոչ պետական բժշկական կրթական հաստատությունները չեն կարող ապահովել բարձր կրթության մակարդակ եւ, հետեւաբար, չեն կարող լավ մասնագետներ պատրաստել։

Ոչ պետական բժշկական կրթություն տրամադրող բուհերի շուրջ սկանդալներն այնքան են հասունացել, որ անգամ տեղափոխվում են միջազգային դաշտ: Oրինակ` վերջերս Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ եւ նշեց, որ Իսրայելում այեւս չեն ճանաչելու Հայաստանում ստացած դիպլոմները:

Հարկ է նաեւ նշել, որ տարիներ առաջ էլ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում աղմուկ բարձրացավ հայկական բժշկական դիպլոմների առնչությամբ: Բայց այդ աղմուկը, ըստ էության, զարգացում չստացավ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «խաչակրաց արշավանք» է սկսել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ՝ ուժեղացնելով դրանց վերահսկողությունը: Նախարարը ցանկություն ունի բոլոր մասնավոր բժշկական բուհերում կանոնակարգման լուրջ գործընթաց սկսել, եւ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանց փակվելու հարցը:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների՝ նախարար Արայիկ Հարությունյանը հստակ պահանջներ է դրել բժշկական կրթություն տրամադրող բուհերի առաջ: Մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների` աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է։

Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը եւ Կրթության ու գիտության նախարարության ենթակայությամբ գործող Երեւանի պետական բժշկական համալսարանը:

Այսինքն` փաստացի այս 2 հաստատությունների վրա է մնացել մասնավոր բժշկական կրթություն տրամադրող բուհերի շրջանավարտներին աշխատանքի թույլտվություն տրամադրելու գործընթացն ու պատասխանատվությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել այս 2 հաստատություններին՝ խնդրելով տրամադրել տեղետկատվություն` վերջին 2 տարիներին մասնավոր բուհերից օրդինատուրա ընդունված անձանց թվաքանակի վերաբերյալ:

Կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ գործող ԵՊԲՀ-ի տրամադրած տվյալներից ակնհայտ է, որ համալսարանը կտրուկ խստացրել է բժշկական մասնավոր բուհերի շրջանավարտներին հետբուհական կրթություն ապահովելու հարցը։

Օրինակ` մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ.-ին դիմել է 150 անձ, սակայն բուհ ընդունվել է 40-ը, 2018 թ.-ին դիմել է 132 անձ, ընդունվել է 13-ը: Առողջապահության նախարարության ենթակայությամբ աշխատող Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տվյալները մտահոգիչ են։

Այսպիսով, մասնավոր բժշկական բուհերից շարունակական կրթություն ստանալու նպատակով 2017 թվականին ընդունել են 128 շրջանավարտ, իսկ 2018-ին՝ 124:

Թվերից ակնհայտ է, որ ԿԳՆ ենթակայությամբ աշխատող հաստատությունում, նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հստակ գիտակցում են առողջապահական հիմնարկներում, հիվանդանոցներում տիրող անմխիթար վիճակը` գտնելով, որ մասնավոր բուհ ավարտածները, կոպիտ ասած, «փինաչի» են, եւ փորձում են կանխել նրանց մուտքն առողջապահական համակարգ:

Սա թերեւս չեն գիտակցում առողջապահության ենթակայության տակ գտնվող Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում եւ արտոնագիր են տալիս մասնավոր բժշկական բուհերի շրջանավարտներին՝ վտանգելով մեր առողջապահական համակարգը:

Լուսինե Մինասյան




Լրահոս