ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ իր  ընթերցողներից  ահազանգ ստացավ այն  մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտվածներն իրենց պատիժը կրում են անմարդկային պայմաններում: Խմբագրություն զանգահարած տիկինը (անունը չենք հիշատակում իր խնդրանքով, որպեսզի նրա դատապարտյալ հարազատը խնդիրներ չունենա ՔՀԿ տնօրինության հետ) տեղեկացրեց, որ իր հարազատներից մեկը, որը ցմահ դատապարտված է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այժմ բանտախցում այլ դատապարտյալների հետ ենթարկվում է դաժանությունների: Տիկինը «ժողովուրդ»-ին ասաց, որ  երբ ինքն ամիսը մեկ իր հարազատին տեսակցության է գնում, ականատես է լինում  դատապարտյալների իրավունքների շարունակվող խախտումների. «Բանտախցում 4 ռեշոտկա են դրել, մարդ չի կարողանում շնչի էդ պայմաններում, մենակ տեսնեք, 6 ռեշոտկից հետո նոր մարդիկ կարողանում են դուրս գալ իրենց բանտախցերից»: Ըստ մեր զրուցակցի` այդ ամենի արդյունքում դատապարտյալների մեծ մասը գտնվում է շատ վատ հոգեբանական վիճակում. «Խցի տղերքն ասում են` խի էդ 4 ռեշոտկեն քի՞չ էր, որ հիմա էլ բերել ու էլի են ավելացնում: Հա, հասկացանք, որ  նրանք դատապարտված  են, բայց նման կերպ մարդու հետ վարվելը իսկապես անհանդուրժելի ա»,-վրդովված ասաց «Ժողովուրդ»-ի ընթերցողը: Տիկինը նշեց նաեւ, որ երբ գնացել է հարազատին տեսակցության, նկատել է, որ սառնարանն ու հեռախոսը չեն աշխատում.  «Ասեմ, որ դա մենակ ես չեմ նկատել: Իմ հետ հազար հոգի են եղել,  ու բոլորն էլ տեսել են, թե ինչ վիճակի մեջ են պահում դատապարտյալներին, սաղ մնացել էին զարմացած»: Մեր զրուցակցի խոսքերով դատապարտյալների հարազատները միմյանց հետ հաճախ են զրուցում բանտում կատարվածի վերաբերյալ. «Ախր, որ տեսնեք էդ բանտախցերի վիճակը, մի տեղ, որ մի փոքր պատուհան չլինի, դուք պատկերացնո՞ւմ եք էդ մարդու վիճակը ինչ պիտի լինի: Էդ մթության մեջ մարդ պիտի շոշափելով կարողանա լույսի տեղը գտնի, որ կարողանա վառի, տենց բան լսե՞լ եք»: Տիկինը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այդ անտանելի վիճակն այլեւս չկարողանալով հանդուրժել` դատապարտյալները  որոշել են վաղվանից` մարտի 12-ից,  հացադուլ սկսել. «Ես նոր էլ եմ ճշտել,  իրանք որոշել են վաղը 100 տոկոսով հացադուլ  անել, չգիտեմ, երեւի արդեն ստիպված են, որ նման քայլի են դիմել»: Տիկինը վստահեցրեց, որ դատապարտյալների  հարազատները եւս կգնան` դրսից իրենց աջակցությունը ցուցաբերելու համար: Նրանք  պատրաստ են պայքարել մինչեւ վերջ, որպեսզի դատապարտյալների եվրոպական կոնվենցիաներով սահմանված իրավունքները պաշտպանվեն: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս