Ազգային ժողովում շարունակվում են 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Մինչ այժմ արդեն իսկ շատ գերատեսչություններ, այդ թվում՝ ուժային ոլորտի ներկայացուցիչներ, արդեն ներկայացրել են իրենց հաշվետվությունները։ Վաղը խորհրդարանում հերթը կհասնի մարզերին եւ Երեւանի քաղաքապետին:
Առհասարակ, այս կատարողականի քննարկումներն առաջին հերթին հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ նախորդ տարի, ըստ էության, իշխանությունն ամբողջությամբ չի եղել այժմ իշխող ուժի ձեռքում, եւ մինչեւ մայիս կատարած աշխատանքների պատասխանատուն նախորդ իշխանություններն են՝ ՀՀԿ-ն։ Եվ հենց դա է պատճառը, որ հաճախ խորհրդարանում քննարկումների ժամանակ ներկայիս ներկայացուցիչները հաճախ չեն տիրապետում նախորդ տարվա առաջին հատվածի աշխատանքներին։
Ինչպես արդեն նշեցինք, վաղը հերթը մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետինն է։
Յուրաքանչյուր անգամ այս ոլորտի քննարկումները հետաքրքիր են ընթացել, քանի որ նախկինում Երեւանի քաղաքապետարանը հաճախ աչքի է ընկել շռայլ ծախսերով, որն իր ուղիղ ազդեցությունն է ունեցել ե՛ւ պետական, ե՛ւ համայնքային բյուջեների վրա։
2018թ. պետական բյուջեի հաշվետվության մեջ, ամեն դեպքում, տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանը մեծ տեղ է հատկացված, եւ մանրամասն ներկայացված են այն աշխատանքները, որոնք կարողացել են կատարել նախորդ տարի։ Օրինակ` իշխանություններն առանձնացրել են «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման փաստը, որը, ըստ նրանց, պետք է նկարագրի մարզպետի լիազորությունները, վերջիններիս հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ եւ այլ հարաբերություններ։
Ընդգծված է նաեւ այն փաստը, որ մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
Մեկ այլ փոփոխություն է կատարվել «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում», որի ընդունման պարագայում 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցում կկատարվի համայնքի ավագանու ընտրության ամբողջական համամասնական ընտրակարգի։ Իշխանությունները կարծում են, որ այդպես օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ՝ ապահովելով լայն քաղաքական ներգրավվածություն:
Երեւանի քաղաքապետարանը բյուջեի օգտագործման պահով, կարծես թե, լուրջ փոփոխութուններ չի արել։ Օրինակ, նախագծի համաձայն, 2018 թվականին շուրջ 1,1 մլրդ դրամ սուբվենցիա է հատկացված եղել Երեւանի քաղաքապետարանին աշխատակազմի պահպանման նպատակով, որն ամբողջովին օգտագործվել է եւ, նախորդ տարվա համեմատ, գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Հիշեցնենք, որ Երեւանում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերի 23-ին, իսկ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ էլ Հայկ Մարությանը ստանձնեց պաշտոնը, անցկացվեց արդեն հոկտեմբերի 10-ին:
Ասել է թե` այստեղ իշխանափոխությունը կատարվեց բավականին ուշ, եւ քաղաքային նոր իշխանությունը տարվա վերջին եռամսյակի ցուցանիշների համար է պատասխանատու:
Հետաքրքիր է նաեւ, որ, նախագծի համաձայն, Երեւանի տրանսպորտային մոդելի մշակման համար Երեւանի քաղաքապետարանը դիմել է Ասիական զարգացման բանկին՝ առաջարկելով դիտարկել այդ մոդելի մշակումը դրամաշնորհային միջոցներով իրականացնելու հնարավորությունը։ Այդպես իշխանությունները փորձ են անում զերծ մնալ վարկային միջոցների օգտագործումից։
Բացի այդ, 2018 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երեւանի քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակներում նախատեսված 606.7 մլն դրամի միջոցները չեն օգտագործվել` պայմանավորված նրանով, որ մրցութային փաթեթները երկար քննարկումներից հետո հաստատվել են 2018 թվականի դեկտեմբերի 4-ին, եւ հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը կնքվել է 2019 թվականի հունվարի 11-ին:
Ինչպես արդեն նկատել էինք, նախորդ տարին հետաքրքիր էր հատկապես նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ եւ այն մարտահրավերներով, որ կարող էին առաջանալ դրանից հետո։ Եվ բյուջեի կատարողականի նախագծում ընդգծված է, որ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո կառավարությանը հաջողվել է ապահովել պետական բոլոր կառույցների բնականոն եւ անխափան գործունեությունը պաշտպանության, ներքին անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության, ֆինանսական, ֆիսկալ, սոցիալական եւ մյուս ոլորտներում:
«Տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները չհանգեցրին տնտեսական աճի որեւէ էական դանդաղման կամ մակրոտնտեսական անկայունության: Արդյունքում հնարավոր դարձավ ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ գրանցել 5.2% տնտեսական աճ, որը չնայած դանդաղել է նախորդ տարվա համեմատ, սակայն տարածաշրջանում ամենաբարձրերից է եղել: Հաշվետու տարում էականորեն նվազել է ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը՝ 2017 թվականի 3.2%-ից իջնելով մինչեւ 1% (2017 թվականի հետ համադրելի ցուցանիշ): Միեւնույն ժամանակ նվազել է նաեւ ՀՀ կառավարության պարտք /ՀՆԱ ցուցանիշը՝ 2017 թվականի 53.6%-ից իջնելով մինչեւ 51.4%», – նշված է նախագծում:
Հաշվի առնելով այն հանձնարարականը, որ եղել է վարչապետի կողմից` վաղը կատարողականի քննարկմանը ներկա կլինեն հենց առաջին դեմքերը՝ մարզպետն ու Երեւանի քաղաքապետը։
Նաիրա Հովհաննիսյան