ԱՄՆ-ն ավելացրել է ՀՀ-ին ուղղված ֆինանսական աջակցության ծավալները: Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար հավելյալ օգնություն տրամադրելու` կոնգրեսական Ջեքի Սփիրի նախաձեռնությունը: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 268 ներկայացուցիչ: Նախաձեռնության հեղինակ, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրի խոսքով` ԱՄՆ կողմից Հայաստանին հավելյալ օգնության տրամադրումը խորհրդանշական քայլ է, որը վկայում է, որ ԱՄՆ-ում գնահատում են Հայաստանի կողմից թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության ճանապարհին արված լուրջ քայլերը:
Հիշեցնենք` նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով ՀՀ-ին տրամադրել է 14 միլիոն դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ: Առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն դոլար: Նրա խոսքով` սա 20 մլն դոլարով ավել է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից:
Ի դեպ, վերջին շրջանում կարծիք է ձեւավորվել այն մասին, որ եթե չլիներ թավշյա հեղափոխությունը, ապա ԱՄՆ-ն նման դրամական միջոցներ չէր տրամադրի: Ասել է թե` հետհեղափոխական Հայաստանին ԱՄՆ-ն սկսել է ուրիշ աչքով նայել: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ-ն կտրուկ նվազեցրել էր Հայաստանին տրամադրվելիք դրչամական օգնության ծավալները: Օրինակ` 2017 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել էր 2018 թվականի ֆինանսական տարվա համար առաջարկությունները, ըստ որի` զգալի նվազեցվելու էր ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը: Այսպես, 2018-ին Հայաստանին առաջարկվում էր 6.8 մլն դոլար տալ, մինչդեռ 2017-ին այդ ֆինանսական օգնությունը կազմել էր 20.4 մլն դոլար։
Սա դեռ ամենը չէ. հիշենք` անցած տարվա մարտին եւս նախատեսվում էր Հայաստանին 2019 թվականի համար տրամադրվելիք ֆինանսական օգնությունը կրճատել` հասցնելով 6 մլն դոլարի: Բայց, ինչպես տեսնում եք, հակառակը տեղի ունեցավ, եւ ԱՄՆ-ն Հայաստանին որոշեց տրամադրել ավելի շատ դրամական միջոց, քան նախորդ տարիներին: Փաստորեն, Հայստանը սկսել է վայելել ԱՄՆ-ի վստահությունը:
Սյունէ Համբարձումյան