ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարը վճռական է տրամադրված. պաշտոնանկություն կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ՀՀ աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուրդյանի փոխհարաբերությունների լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Բանն այն է, որ Թորոսյանը նպատակ ունի պաշտոնանկ անել Է. Խուրշուդյանին, քանի որ վերջինս համարձակվել է իր խորհրդական Վահե Տեր-Մինասյանին տուգանել այն բանի համար, որ վերջինս դեղամիջոց է գովազդել:

Արդեն Թորոսյանը հայտարարել է, որ պատրաստվում է Էդգար Խուրշուդյանի «հարցը» բարձրացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու խնդրել, որպեսզի նրան ազատի աշխատանքից ոչ բարեխիղճ աշխատելու համար: Ու, ըստ մեր տեղեկությունների, այս օրերին Թորասյանը «լծվել» է այդ աշխատանքին: Նախարարն արդեն վարչապետի մոտ բողոքել է Խուրշուդյանից, ու, կարելի է ասել, ամեն օր սպասվում է տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը:

Տարօրինակ է, որ Ա. Թորոսյանի խորհրդականին տուգանելը «մտահոգել» է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանին, որը հունիսի 19-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը բարձրաձայնեց: Ի դեպ, Զոլյանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է եւ մշտապես արտաքին հարաբերությունների մասին է խոսում:

Միքայել Զոլյանն իր ելույթում հայտարարեց, թե «Բժիշկ եւ հաղորդավար Վահե Տեր-Մինասյանը խոսում է հեռուստատեսությամբ դեղի մասին, ինչից հետո նրա դեմ վարույթ է հարուցվում, եւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նրան տուգանում է, որովհետեւ ասում են, որ նա գովազդել է այդ դեղամիջոցը, չնայած որ այդ դեղամիջոցը դեղատներում չի վաճառվում, եւ գովազդի խնդիր չի կարող լինել»:

Պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյոք ինչ-որ բան կարելի է անել, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան:
Պատգամավորի հարցին ի պատասխան` փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իրավիճակն աբսուրդ է անվանել. «Ձեր բարձրաձայնած իրավիճակն ուղղակի աբսուրդ է, կարծում եմ, եւ մենք շուտափույթ միջոցներ կձեռնարկենք` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ առաջին անգամ եմ լսում սրա մասին»: Ու, կարելի է ասել, Ա. Թորոսյանն առաջիկայում հաջողություն է գրանցելու՝ ազատվելով հերթական այն կադրից, որն իր քիմքին հաճելի չի գործում:

Ն. Հովհաննիսյան




Լրահոս