ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` «ԿՐԵՄԼԻ ԼԱԿՈՏՆԵՐԻ» ԿՈՒՐՍԵՑԻՆ, ՋԱԶԻ ՍԻՐԱՀԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոր դեմք ունեցավ. այդ պաշտոնում 2008-ից պաշտոնավարող Էդուարդ Նալբանդյանին փոխարինեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից հետ կանչված Զոհրաբ Մնացականյանը: Ոմանք այս նշանակումը ողջամիտ համարեցին` հաշվի առնելով այն, որ ԱԳ նոր նախարարը «երեկվա երեխան չի» /ս.թ. մարտի 20-ին նախարարը դարձավ 53 տարեկան/, այլ դիվանագիտական հարուստ փորձով ու կենսագրությամբ մարդ է, մյուսներն էլ տրտմեցին. արտաքին գերատեսչությունը վստահվել է Սերժ Սարգսյանի իշխանության «ծառայամիտ կարիերիստներից մեկին», որին, իբր, նման բարձր պաշտոնի համար միջնորդել է նախագահ Արմեն Սարգսյանը` «չուրանալով» միասին աշխատած տարիները:

Ինչեւէ, նկատենք, որ պրն Մնացականյանը նոր կառավարությունում հանգրվանած այն հերթական պաշտոնյան է, որը հասցրել է աշխատել նախորդ երեք նախագահների օրոք` դիվանագիտական գործունեությունը սկսելով նույնիսկ ավելի վաղ` Խորհրդային Միությունում, 1989 թ. աշխատելով ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում: Իսկ ՀՀ անկախությունից ի վեր` տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ի համակարգում` նախ` ԱԳՆ Եվրոպայի վարչությունում, ապա՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունում, Վատիկանում ՀՀ դեսպանությունում / նստավայրը` Լոնդոն/, եղել է նաեւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ եւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը Շվեյցարիայում, այնուհետ` ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԽ-ում: Մոտ երեք տարի` ՀՀ նախագահ Քոչարյանի օրոք, եղել է նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ, ինչպես նաեւ ԱԳ նախարարի տեղակալ եւ ՀՀ-ԵՄ ասոցացման հայկական կողմի գլխավոր բանակցողը: Կարճ ասած` գործ ունենք դիվանագիտական աշխատանքի 30-ամյա ստաժով, «Մխիթար Գոշ» մեդալակիր, այս ոլորտի «քունջուպուճախին» տեղյակ, երեք օտար լեզու` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն իմացող չինովնիկի հետ:
Դիվանագետի զարմիկը` ԱԳՆ-ում
Այսպես կոչված «նոմենկլատուրային» ընտանիքում ծնված Մնացականյանի մասնագիտության ընտրության հարցում, ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է ինքը, մեծ դեր է խաղացել հորեղբայրը, որը նույնպես դիվանագետ է եղել` ԽՍՀՄ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա Դ. Մնացականյանը: Զ. Մնացականյանը սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ԾթԼԾԿ) Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում /այստեղ սովորում էր ժամանակի «ոսկի երիտասարդությունը»/: Ի դեպ, Մնացականյանի կուրսընկերների թվում են եղել նաեւ Պոլիտբյուրոյի անդամներից ոմանց թոռները, որոնք, իր հավաստմամբ, բնավ էլ մեծամիտ ու լկտի չէին, ինչպես ընդունված էր կարծել: Այնուհետ ապագա ԱԳ նախարարն ուսանել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում: Ի դեպ, Մնացականյանը չի գայթակղվել դրսում կարիերա անելու եւ, ինչպես ասում են, «կուշտ, գոհ ու ապահով» ապրելու հեռանկարով, այլ վերադարձել է հայրենիք եւ անցել ցուրտ ու մութ տարիների փորձության միջով: Երբ ապագա ԱԳ նախարարն աշխատանքի է անցել ԱԳՆ-ում, այն դեռեւս սաղմնավորման փուլում էր, նույնիսկ նախարար դեռեւս նշանակված չի եղել, աշխատակազմն էլ բաղկացած է եղել մոտ 30 հոգուց: ՀՀ առաջին ԱԳ նախարարն, ինչպես գիտենք, Րաֆֆի Հովհաննիսյանն է: Մնացականյանի առաջին դիվանագիտական փորձություն-քննությունը եղել է ՀՀ ԱԳ նախարարի անունից Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին նամակ գրելը /նամակի նախագծի պատրաստումը/: Ի դեպ, Մնացականյանին ճանաչողները նրան բնորոշում են որպես աշխատասեր, բացատրելու մեծ մղում ունեցող եւ առաջարկների ու խորհուրդների համար մշտապես բաց պաշտոնյա, ոմանք էլ` գորշ ու կշիռ չունեցող դիվանագետ, որին այնքան էլ լուրջ չեն ընդունում արտաքին աշխարհում: /Նկատենք, որ կայքերից մեկում ժամանակ առաջ տպագրված հոդվածում էլ ԱԳՆ նախկին աշխատակիցներից մեկն այսպես էր բնորոշել. «ԱԳՆ «կարգին տղերքի» շրջանում նա երբեւէ աչքի չի ընկել ո՛չ մասնագիտական կարողություններով, եւ ո՛չ էլ առավել եւս աշխատասիրությամբ, իսկ ինտրիգներ Մադրիդյան արքունիքի «լավագույն» ավանդույթներով` որքան ուզեք…»/:
Դիվանագիտական «մռնչյուն»
Զ. Մնացականյանի պաշտոնի նշանակվելուց կարճ ժամանակ հետո սկսվեց բարդ ու լարված շրջան ՀՀ ԱԳՆ-ի համար, նկատելի էր լարումը մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների ճակատում: Այն սկիզբ առավ ՀՀ ԱԳՆ-ի, ըստ մասնագետների բնութագրման, «հապճեպ ու անփույթ» աշխատանքի հետեւանքով, մասնավորապես` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յ. Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելուց հետո: Նկատենք, որ ՌԴ ԱԳՆ բավականին կոշտ պատասխանեց այս ամենին` հիշեցնելով Գլխավոր քարտուղարի փոփոխության ընթացակարգը, թե` մինչեւ 2020թ. նրան նշանակելու իրավունքը ձերն է, եւ եթե որոշել եք փոխել այդ մարմնում ձեր ներկայացուցչին, ապա դա ձեր իրավունքն է:
«Մարտի 1»-ի
«եվրոպական գրաքննիչը»
Արդեն նշեցինք, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից կարճ ժամանակ անց` հունիսին, Մնացականյանը ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր եւ այդ պաշտոնում աշխատել է շուրջ 3 տարի: Այդ ողբերգական իրադարձության վերաբերյալ ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ չորս բանաձեւ է ընդունել: Իսկ, ահա, Մնացականյանն ու այդ օրերին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փորձում էին ապացուցել ԵԽ-ին, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, որոնց թվում էր, ի դեպ, վարչապետ Փաշինյանը, իսկ այդպիսին ներկայացվողները շարքային հանցագործներ են` զանգվածային անկարգությունների կազմակերպիչներ, եւ այլն: Երբ ժամանակ առաջ այս եւ մի քանի այլ հարցերի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ԱԳՆ` մասնավորապես փորձելով ճշտել, թե որքան հարմարավետ է իրեն զգում ներկայիս ԱԳ նախարար Զ. Մնացականյանը քաղաքական իր այսօրվա կարգավիճակում` հաշվի առնելով իր երկարամյա աշխատանքը Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի հետ, ապա ԵԽ-ում գործունեությունը` արդարացնելու նախկին իշխանությունների քայլերը, ԱԳՆ-ն անպատասխան էր թողել այս հարցը: Նշենք, որ վերջերս, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, Փաշինյանը շեշտել էր մարտի 1-ի իրադարձություններից հետո իր կարգավիճակի մասին: «2011 թվականի ձմռանը բանտում ինձ այցելեց ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, եւ դա շատ կարեւոր էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի եւ իմ խնդրի վրա միջազգային ուշադրություն սեւեռելու առումով: Շատ չանցած` ՄԻԵԴ-ը իմ գործը ճանաչեց անհետաձգելի, որից երկու ամիս անց այն ժամանակվա իշխանություններն ինձ ազատ արձակեցին համաներման ակտով` հասկանալով, որ ԵԽ-ն հաջորդ քայլով ինձ պաշտոնապես հայտարարելու է քաղբանտարկյալ, խղճի կալանավոր»:
Ջազի սիրահարը
Վերը նշեցինք, որ Մնացականյանը 1999-2002 թթ. աշխատել է մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի աշխատակազմում, որի անմիջական «շեֆը» եղել է ներկայում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արմեն Գեւորգյանը: Իսկ հետագայում, աշխատելով Ժնեւում, մեր շարքի հերոսը կազմակերպել է Ռ. Քոչարյանի այցը համաշխարհային ճանաչում ունեցող Montreux Jazz Festival-ի հիմնադիր Կլոդ Նոբսի տուն: Ինքը` Մնացականյանն էլ, ի դեպ, դեռ մանկուց ջազի մեծ սիրահար է եւ մտերիմ հարաբերություններ ուներ Կ. Նոբսի հետ:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՌԴ-Ի ՀԵՏ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՊԱԿԱՍԵԼ Է
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ եւ ԵՄ երկրների հետ ընդհանուր առմամբ նվազել է:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` եթե 2018 թվականի հունվար-մարտին Հայաստանի առեւտրաշրջանառությունը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 486.4 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 469.9 մլն դոլարի: Ի դեպ, տեղեկացնենք, որ դեպի ԵՄ երկրներ եւս առեւտրաշրջանառությունը կտրուկ նվազել է` կազմելով 344.9 մլն դոլար` անցած տարվա 344.9 մլն դոլարի դիմաց: Իրականում ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ առեւտրաշրջանառության առյուծի բաժինը հասնում է ՌԴ-ին, որի հետ առեւտրաշրջանառության ծավալներն էլ հիմնականում նվազել են` կազմելով 454 մլն 724 հազար դոլար: Օրինակ` դեպի Ռուսաստան արտահանումը այս տարվա առաջին եռամսյակում գրանցել է 5.8 տոկոս անկում, իսկ ներմուծումը նվազել է 1.3 տոկոսով:
Մինչդեռ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն իր տնտեսական ամենախոշոր գործընկեր Ռուսաստանի հետ տարիներ շարունակ եղել է ամենամեծը իր տեսակարար կշռով: Չէ՞ որ ընդհանուր առեւտրաշրջանառության մոտ 28 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին: Բայց, արի ու տես, ՌԴ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 3.5 տոկոսով: Եւ, ընդհանրապես, ԵԱՏՄ երկրների հետ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները նվազել են 3.4 տոկոսով: Բացի այս, ԵՄ անդամ երկրների հետ եւս առեւտրաշրջանառությունը անկում է գրանցել 17.2 տոկոսի չափով:
Հայաստանը խնդիր ունի նաեւ արտահանման եւ ներկրման դեպքում, երբ այն դիտարկում ենք ոլորտային առումով: Բնականաբար, հանքահումքային արտադրանքի հետ կապված` զգալի անկում է գրանցվել` 18.3 տոկոս, թանկարժեք մետաղների արտահանումն է կտրուկ նվազել: Իսկ, ահա, բուսական ծագման արտադրանքի արտահանումը նվազել է 11.1 տոկոսով:
Այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առեւտուրը ԵԱՏՄ անդամ երկրներից ոչ միայն ՌԴ-ի հետ է նվազել, այլեւ Ղազախստանի: Աճել է միայն Ղրղզստանի եւ Բելառուսի հետ: Ըստ պաշտոնական փաստաթղթի` Հայաստանի արտաքին առեւտուրը ավելացել է Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի, Նիդերլանդների հետ:
Միայն Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը այս տարվա հունվար-մարտին կազմել է 69 մլն 444 հազար դոլար` նախորդ տարվա 100 մլն 336 հազար դոլարի դիմաց: Փոխարենը Վրաստանի հետ արտաքին առեւտուրը Հայաստանի հետ ավելացել է 17.2 տոկոսով. այս հունվար-մարտին առերտրաշրջանառությունը Վրաստանի հետ կազմել է ավելի քան 33.8 մլն դոլար` անցած տարվա 28.9 մլն դոլարի դիմաց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին ԱԺ նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Լսումներից առնվազն երեք օր առաջ կայքում կտեղադրվի լսումների վերջնական օրակարգը:

 

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի փոխանցմամբ` ԲՀԿ խմբակցության օրակարգում այս պահին Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվում. «Որեւէ ալյանսի հարց ԲՀԿ-ում չի քննարկվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների հայտարարությանը` ալյանսի մասով, դա բացառապես իրենց գործունեության դաշտն է: Մենք ունենք մեր օրակարգը, եւ այդ օրակարգում որեւէ մեկի հետ դաշինք կապելու հարց չի քննարկվում»: Հարցին, թե բացառվում է արդյոք, որ հետագայում ԲՀԿ-ն կարող է դաշինք կազմել Քոչարյանի հետ, Տոնոյանը պատասխանել է. «Ես սկզբունքորեն երբեք կանխատեսումներով չեմ զբաղվում, կրկնում եմ` այն իրավիճակը, որն այսօր ունենք, հետեւյալն է` մեր օրակարգում նման հարց չկա»:




Լրահոս