ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի սպանության գործով ենթասպային կրկին հարցաքննել են. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր հարցաքննություն է իրականացվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գնդապետ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված ենթասպային կրկին հրավիրել են ՀՔԾ` հարցաքննության:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է`ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա:

Հուլիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնել էր, որ «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, եւ մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին:

Համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել: Այսինքն`փորձաքննությաններ կայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:

Եվ, ահա, այս բացահայտումից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը օրերս հարցաքննության է հրավիրել ենթասպա Ալեքսանդր Ազարյանին եւ հարցադրումներ իրականացրել իր նախկին ցուցմունքի հետ կապված: Ավելին, մեզ հասած տեղեկությունեների համաձայն` նրան ներկայացրել է փորձաքննության արդյունքներ, որ պարկուճների համընկում չի եղել: Ամենայն հավանականությամբ, այս հարցաքննությունը իրականացվել է մեկ նպատակով, որ նախաքննական մարմինը հասկանա, թե ենթասպան ինչ հիմքով է նախկինում նման բան ասել:

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից մեր հարցին ի պատասխան` հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքի գործոնը:

Մանրամասները` տեսանյութում

Քնար Մանուկյան, Էդգար Համբարձումյան




Լրահոս