Արթուր Վանեցյանը կոչ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հանդես է եկել կոչով` հորդորելով ֆուտբոլասերներին հետևել հանրապետության առաջնության խաղերին, այս մասին գրում է ՀՖՖ-ն: Վանեցյանի կոչում մասնավորապես ասվում է. «Գյումրիում եւ Երևանում կայանալիք 2 հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի հերթական՝ 28-րդ մրցաշրջանը, որին մասնակցելու են 10 թիմեր: Վերջին անգամ մեր բարձրագույն խմբում մասնակիցների նման քանակ ունեցել ենք հեռավոր 2002 թվականին: Օրեր անց մեկնարկելու է նաև Հայաստանի առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 18 թիմեր: Բնականաբար սրանք ուրախացնող, հույս ներշնչող թվեր են:

Հուլիսին Երևանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների եզրափակիչ մրցաշարը, որի կազմակերպումը միջազգային փորձագետների, ՈւԵՖԱ-ի ղեկավարների կողմից արժանացավ ամենաբարձր գնահատականների: Հայաստանը, Երևանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշարի ամբողջ ընթացքում եվրոպական ֆուտբոլի կենտրոններից մեկն էր: Այդ մրցաշարի դրական մթնոլորտը, բարձր կազմակերպվածությունը կարծես փոխանցվել է եվրագավաթներում հանդես եկող մեր թիմերին. «Արարատ Արմենիան» եւ «Փյունիկը» շարունակում են իրենց ելույթները, «Ալաշկերտն» էլ պայքարը լքեց արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրելով: Եվրագավաթների պատմության ընթացքում արդեն այս պահի դրությամբ Հայաստանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել և դեռ հույսեր կան, որ մեր թիմերը էլ ավելի կզարգացնեն այս հաջողությունները: Արձանագրված դրական միտումները պետք է շարունակվեն նաև Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարում: Կոչ եմ անում մեր թիմերին՝ մրցաշարի ընթացքում ներդնել իրենց ամբողջ կարողությունները, առաջնորդվել արդար խաղի, մրցակցի նկատմամբ հարգանքի սկզբունքներով: Կոչ եմ անում ֆուտբոլասերներին՝ եկեք մարզադաշտ, երկրպագեք ձեր նախընտրած թիմերին»:

Օգոստոսի 2-ին կկայանա երկու հանդիպում` Գյումրու «Շիրակ»-ը կընդունի «Ուրարտու»-ին (նախկին «Բանանց») ժամը 17:00-ին, իսկ «Արարատ»-ը «Հանրապետական» մարզադաշտում կմրցի բարձրագույն խմբի նորեկի` «Երևան»-ի հետ` ժամը 19:30-ին: Օգոստոսի 3-ին «Գանձասար-Կապան»-ը կմրցի «Նոա» (նախկին «Արցախ») ակումբի հետ ժամը 19:00-ին: Օգոստոսի 4-ին «Փյունիկ»-ը կմրցի «Լոռի»-ի հետ»:




Լրահոս