Խիստ մտահոգիչ պատկեր. ներդրումների ծավալները կտրուկ նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը: Պաշտոնապես Հայաստանում ուղղակի ներդրումները զգալի նվազել են. եթե 2018 թվականի հունվար-հունիսին ուղղակի ներդրումները կազմել էին 38 մլրդ 670 մլն դրամի չափ, ապա 2019 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը շեշտակի պակասել է` կազմելով 7 մլրդ 788 մլն դրամ: Այսինքն` ավելի քան 30.8 մլրդ դրամով պակասել են ներդրումների ծավալները:

Համաձայնեք, որ սա խիստ մտահոգիչ է: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ ներդրումները հիմնականում նվազել են Ջերսիի կղզիներից` օֆշորային գոտուց: Ինչպես հայտնի է, այնտեղից ներդրումներ են կատարվել Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի հանքավայրում: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում էր շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում` Չաննել կղզիում: Նկատենք, որ Ջերսիից այս տարվա հունվար-հունիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղղակի ներդրումների ծավալները կազմել են 0, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ջերսիի կղզիներից Հայաստան իրականացվել է 20 մլրդ 640 մլն դրամի չափով ներդրում:

Այս իրավիճակը դեռ կշարունակվի, քանի որ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության հետագա ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Տեղեկացնենք, որ օֆշորները` ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են: Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձնել օֆշորային գոտի: Այդպիսով, կարելի է շրջանցել եկամտահարկը, որը Հայաստանում 20 տոկոս է կազմում, իսկ օֆշորներում` 1-2 տոկոս կամ ընդհանրապես 0 տոկոս (բնականաբար, դա չի նշանակում, որ այդպես են վարվում օֆշորային երկրներից կամ գոտիներից բոլոր ներդրողները):

Ռուսաստանից եւս պակասել են ուղղակի ներդրումների ծավալները, այն էլ` բավականին. պաշտոնական վիճակագրությամբ` 2018-ի հունվար-հունիսին Ռուսաստանից Հայաստան մտել է 6 մլրդ 432 մլն դրամի չափով ներդրումներ, իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից մեր երկիր մտել է 2 մլրդ 345 մլն դրամ:

Նկատենք, որ Ռուսաստանի ներկայացումը հիմնականում մեծ է էներգետիկ շուկայում` գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման ոլորտում: Խոսքը «Հայաստան էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների մասին է: Ու, ընդհանրապես, Հայաստանի ներդրումների տեսակարար կշռի 40 տոկոսը միայն ռուսական ներդրումներն են կազմում: Բայց, արի ու տես, այս դեպքում իրավիճակը փոփոխվել է: Ի դեպ, նկատենք, որ պակասել են գրեթե բոլոր երկրներից ՀՀ մտնող ներդրումները, այդ թվում նաեւ Գերմանիայից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալներն են պակասել. միայն այս տարվա առաջին կիսամյակում Գերմանիայից Հայաստան մտել է 4 մլրդ 638 մլն դրամի ներդրումներ` անցած տարվա 6 մլրդ 265 մլն դրամի դիմաց:

Նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան եկած ներդրումների ծավալներն են պակասել. եթե 2018 թվականի հունվար-հունիսին դրանք կազմել էին 1 մլրդ դրամ, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում այն եղել է 926 մլն 800 հազար դրամ: Մյուս կողմից` նկատենք, որ մի քանի երկրներ իրենց կապիտալը հանել են Հայաստանից: Խոսքը Լիբանանի մասին է, որը 11 184 մլն դրամի չափով կապիտալը հանել է մեր երկրից: Իսկ, ահա, Վրաստանը ՀՀ-ից հանել է 1 մլրդ 13 մլն դրամի կապիտալ:
Մեր բարեկամ Ֆրանսիան եւս 6 մլրդ 955 մլն դրամի կապիտալը հանել է Հայաստանից: Փաստորեն, ստացվում է, որ պաշտոնական վիճակագրությունն անգամ չի լռում ներդրումների ծավալների կտրուկ նվազման մասին: Այն, բնականաբար, Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն է ունեցել: Հուսանք` այս պատկերն առաջիկա ամիսներին դրական առումով կփոփոխվի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս