Բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների տեղեկացմամբ` Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերը շարունակվում են: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ երկու օրերի ընթացքում դրական տեղաշարժ կա, եւ անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են: Ըստ նախարարության` նախորդ օրվա ընթացքում բաց է թողնվել 410 մեքենա եւ մուտք է գործել 193 մեքենա:
Նկատենք, որ այս հերթերի պատճառով հայ բեռնափոխադրողները վնասներ են կրում: Իրենք ստիպված են լինում օրեր անցկացնել անցակետում, իսկ արտահանման եւ ներմուծման մթերքը մեքենաներում փչանում է: Խնդիրը հիմնականում բեռների` սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմերին անհամապատասխանությունն է: Ի դեպ, բեռնափոխադրողների խոսքերով` հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում բեռնատարի ընդհանուր կշռի նորմատիվը իջեցվում է 40 տոննայից մինչեւ 38 տոննա: