Կիրակի օրը` հուլիսի 14-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ կառավարությունում քննարկում է եղել ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այդ քննարկումը նվիրված է եղել ճանապարհային ոստիկանության համակարգին, եւ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, մի քանի համաձայնություններ են ձեռք բերվել:
Օրինակ, կստեղծվի երթեւեկության անվտանգության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ, եւ ամիսը մեկ անգամ հանդիպումներ կանցկացվեն` հարցերն ավելի խորը քննարկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին քննարկումներից մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, հանդիպումը տեւել է երկու ժամ, որին ներկա են եղել ոչ միայն կառավարության անդամները կամ հիմնական գերատեսչությունների ղեկավարները, այլ նաեւ ներկայացուցիչներ օրենսդիրից, ակտիվիստներ, ՀԿ ներկայացուցիչներ, նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Տեղեկացանք, որ կառավարության ներկայացուցիչների թիվը բավական լայն է եղել. բացի վարչապետից ներկա են եղել նաեւ արդարադատության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարները, ՊԵԿ նախագահը, Կադաստրի կոմիտեի ղեկավարը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը եւ, իհարկե, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, իսկ Ճանապարհային ոստիկանության պետը ներկա չի եղել, նրա փոխարեն մասնակցել է տեղակալը: Իսկ, ահա, օրենսդիր ներկայացուցիչներից մասնակցել են հանդիպման նախաձեռնող Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Արմեն Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ ներկաները գոհ են եղել հանդիպումից, սակայն սպասում էին ավելի բուռն քննարկման եւ մասնավոր զրույցներում նշում էին, թե, օրինակ, դժգոհ են եղել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, որն առհասարակ չի խոսել, ինչպես նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից, որը չի միջամտել այն դեպքերում, երբ խոսք է գնացել այնպիսի ծրագրերի մասին, որոնք կարող էին ֆինանսական միջոցներ ենթադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում ոլորտի վերաբերյալ խոսել են նախաձեռնության հեղինակները, վարչապետը, ապա նաեւ ՀՀ ոստիկանապետը, եւ հենց Ճանապարհային ոստիկանության համակարգից են եղել ներկաների հիմնական դժգոհությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է փողոցներում առկա գծանշումներին եւ այն հանգամանքին, որ շատ վայրերում դրանք մաքրված են, վարորդները այն չեն տեսնում, որը հավելյալ խնդիրներ է ստեղծում: Դժգոհություն են հայտնել ինչպես ներկաներից մի քանիսը, այնպես էլ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որի եւ ոստիկանապետի միջեւ նաեւ հետաքրքիր զրույց է ծավալված եղել` կապված վերջերս գրանցված մի երեւույթի հետ:
Մասնավորապես, երբ խոսք է գնացել ոստիկանություն-Երեւանի քաղաքապետարան աշխատանքի մասին, Մարությանը դժգոհել է վերը նշված թեմաների շուրջ` ասելով, թե դժվարանում է նաեւ իրենց աշխատանքը, եւ հավելյալ խոչընդոտներ են ստեղծվում ճանապարհային ոստիկանների աշխատանքի պատճառով: Սակայն դրան ի պատասխան` Օսիպյանը նաեւ հիշել է քաղաքապետարանի հետ ոչ այնքան լավ ստացված մի համագործակցության մասին: Մենք տեղեկացանք, որ խոսքը մասնավորապես վերաբերում է Մյասնիկյան պողոտայում կառուցված վերգետնյա անցումին, որի հետ կապված ոստիկանությունն ամիսներ առաջ դիմած է եղել քաղաքապետարանին, սակայն վերջիններիս կողմից պատասխան է եղել, թե դա շատ մեծ ծախս է ենթադրում, եւ պետք է բավարարվել թմբիկ տեղադրելով: Սակայն վերգետնյա անցումի հարցը մեծ քննարկում էր առաջացրել համացանցում, եւ, ի վերջո, քաղաքապետարանը համաձայնել էր վերգետնյա անցումի գաղափարին: Սա ներկայացվել է որպես երկու գերատեսչությունների միջեւ չհամակարգված աշխատանքի օրինակ: Եվ առհասարակ, մենք տեղեկացանք, որ ներկաներից հենց երկու պաշտոնյաներն են, կարծես թե, միմյանց հանդեպ լարված եղել եւ փորձել իրար մեղադրել այս կամ այն հարցում: Եվ հետաքրքիր է, որ ՀՀ ոստիկանապետը նաեւ բացատրել է, թե վատ աշխատանքը կապված է ցածր աշխատավարձի եւ համակարգում վերացված կոռուպցիայի հետ:
Ամեն դեպքում, նկատենք, որ հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ քննարկվել են բավականին հետաքրքիր առաջարկներ, օրինակ` վարորդական վկայականների քննության հանձնման ընթացակարգի ամբողջական փոփոխություն, ոստիկանության աշխատելաոճի փոփոխություն, աշխատակիցների ավելացում, նաեւ խրախուսանքների կիրառում՝ որպես աշխատանքի մոտիվացիա։ Տեղեկացանք նաեւ, որ քննարկվել է նաեւ բալային համակարգը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԱՐԿԸ ՉԻ ՄԱՐԵԼ
Ինչպես հայտնի է, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տարիներ առաջ ընկերությանը տրամադրվել է 2,147,058.9 հազ. դրամի բյուջետային վարկեր, որոնք ենթակա են մարման` սկսած այս տարվա հունիսի 10-ից։ Սակայն պետական գույքի կառավարման կոմիտեն որոշել է ընկերությանը տրամադրված բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգել երկու տարով։ Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ այդ վարկերը ծախսվել են ընկերության շենքի կառուցման, ներքին հարդարման աշխատանքների, սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Ավելին, ընկերությունը պետք է գործարկվեր դեռեւս 2014 թվականին։ Եվ այդ պայմաններում ընկերությունը պետք է սկսեր վարկերի մարումը։ Բայց պարզվում է, որ ընկերության գործարկումը հետաձգվել է անորոշ ժամկետով, եւ ՀՀ կառավարության կողմից կատարվել են որոշումների փոփոխություններ վարկերի մարման ժամկետների երկարաձգման համար։ Այսինքն` ընկերությունը վարկերը կմարի 2021 թվականին։ Նշենք, որ կենտրոնը պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման եւ կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի եւ վիրաբուժության ներհիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ԱՅՍՕՐ
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է լինելու, որտեղ ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ այդ Նախշուն Տավարացյանն առարկել էր այդ հարցի հետ կապված` հայտարարելով. «Եթե Դուք պատրաստվում եք 2018 թվականի դիմումը հուլիսի 15-ի Բարձրագույն դատական խորհրդում օրակարգ մտցնել, 9 ամիս հետո քննարկել, ապա նախ Դուք պարտավոր էիք այդ ժամանակ եռօրյա ժամկետում ինձ կանչել ԲԴԽ, իմ դիմումը քննարկել, եւ այս հարցերը կփակվեր, եւ այս անհաջող իրավիճակը չէր առաջանա»: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Նախշուն Տավարացյանը հայտարարել է. «Եթե որոշել եք հիմա քննարկել, ապա քննարկեք, բայց հուլիսի 11-ին դարձել եմ ԲԴԽ անդամ եւ երդում եմ տվել: Ես երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, հետաքրքիր է` Դուք ինչ դիմում եք ուզում քննարկել»: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` Նախշուն Տավարացյանի ճակատագիրը կախված է ԲԴԽ դատավորներից. եթե նրանք դեմ քվեարկեն երեք գիտնական անդամների այդ նախաձեռնությանը, ապա Տավարացյանը կշարունակի իր գործունեությունը ԲԴԽ-ում: Նկատենք, որ քվեարկությունը լինելու է գաղտնի, իսկ թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ դատավոր անդամները, պարզ կլինի այսօր:
ԱՆՏԱՐԲԵՐ ՉԵՆ
Մենք անտարբեր չենք այն գործընթացների նկատմամբ, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում, քանի որ նրանք մեզ համար եղբայրական ժողովուրդներ են, ում հետ մենք ունենք փոխհարաբերությունների երկարատեւ պատմություն, այդ թվում մեկ` պետության շրջանակներում. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Լավրովը նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի առանցքային գործընկերն է Անդրկովկասում: «Հայաստանի հետ մենք ունենք ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը խորհրդարանական խողովակներով, ինչպես նաեւ միջազգային հարթակներում»,-նշել է նա:
ԿԱԴՐԱՅԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու, մինչ այս Վահե Հակոբյանն աշխատում էր վարչապետի արարողակարգի բաժնում: Տիգրան Խաչիկյանն էլ նշանակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար:
ԱՆԽՈՉԸՆԴՈՏ
Նախօրեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող, զարգացող եւ փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար տիկին Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի հետ: Նրանք կարեւորել են դեպի ծով ելք չունեցող երկրների համար ապրանքների անխոչընդոտ փոխադրման հնարավորությունները, ծովային նավահանգիստներին ու համաշխարհային շուկաներին հասանելիության ապահովմանն ուղղված առարկայական ծրագրերի իրականացումը:
ԼՈՒՐՋ ՉԷ
Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ հակառակորդը նախօրեին կրակոցներ է արձակել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` մի քանի կրակոց է եղել: Ըստ նրա` այդ հատվածում կրակոցներ քիչ են լինում, եւ դրա համար է, որ բնակչությունը սովոր չի եղել կրակոցների: Ա. Հովհաննիսյանի խոսքով` հայկական կողմը նման դեպքերում պատասխանում է: Հարցին` վտանգավոր ոչինչ չկա, Հովհաննիսյանը պատասխանել է. «Ոչ, լուրջ բան չկա»: