Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղում գրանցված Ռոբերտ Հարությունյանի դատավարությունը։
Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի գնդացրորդ, ժամկետային պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, լինելով 21 տարին լրացած անձ, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղում 2017 թ․ նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 10-ին ընդհանուր երկու անգամ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած, 2003թ․ ծնված աղջկա հետ։ Նախկինում չդատված, 1994թ․ ծնված Ռ․ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում։ Այս քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը։
Քրեական գործով կատարվել է համապատասխան փորձաքննություն, որպես իրեղեն ապացույց քրեական գործին կցված են Ռ. Հարությունյանի մայկան եւ անչափահաս աղջկա վարտիքը։ Ռ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը։
Ոսկան Սարգսյան
Տավուշ