ԱԱԾ նախկին տնօրենի բարեկամ դատավորը` իրավապահների ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզում հոկտեմբերի 26-ին`ժամը 14:38-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը դեպքի վայր գնալիս միացրել է լուսային փարոսիկները եւ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա եւ ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա:

Ըստ մամուլի հրապարակումների` դեպքից հետո ոստիկանություն է դիմել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը եւ հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը, եւ այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տեսակի ատրճանակ, սակայն ինքը որեւէ մեկի վրա այն չի ուղղել եւ ոչ մեկին չի սպառնացել:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ու մինչ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` իրավապահները իրազեկում են ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի դատավորի նյութերի նախապատրաստման, ինչպես նաեւ քրեական գործի հարուցման դեպքում վերջինիս ներգրավեն քննության մեջ:

Ավելին, հաշվի առնելով, որ հնարավոր քրեական գործում ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը կներգրավվի, չի բացառվում, որ այդ գործի հարուցման դեպքում քննությունը իրականացնի Հատուկ քննչական ծառայությունը:

Սակայն մեզ հասած լուրերով` իրավապահները այս օրերին նաեւ ստուգում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների պնդումները, թե դեպքի վայր գնալիս միացրել են լուսային փարոսիկները եւ ճանապարհ են խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա:

Ինչո՞ւ պետք է մի ճանապարհ խնդրելու համար դատավորը նման վարքագիծ դրսեւորեր, միգուցե խնդիրը փրկարարների՞ն է առնչվում:

Ինչեւէ, այս հարցերի պատասխանը կտա հետաքննությունը, իսկ մինչ այդ կարեւորի մասին: Իսկ ո՞վ է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը: Վերջինս, մեզ հասած լուրերով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է: Ավելին, դատավոր Ավագյանի քավորն էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է: Ինչեւէ, ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել դատավոր Արթուր Ավագյանի հետ, սակայն վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԲԴԽ-ի հորդորին է հետեւելու եւ ձեռնպահ կմնա բոլոր մեկնաբանություններից:

Քնար Մանուկյան




Լրահոս