Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական գործիչ, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ա. Սպենդիարյանի ծննդյան տարեդարձին այս տարի նվիրվեց երկու խորհրդանշական միջոցառում-արարողություն: Հոկտեմբերի 31-ին նրա տուն-թանգարանում Սպենդիարյանի անունը կրող երաժշտական դպրոցի 1-ին դասարանցիները բացահայտեցին մեծ երաժշտի ուղին և նրա հուշասենյակում տվեցին հանդիսավոր երդում` խոստանալով լավ սովորել և բարձր պահել սպենդիարյանցու պատիվը:
Դպրոցի լավագույն դաշնակահարներ ճանաչված Ալվինա Գասպարյանը և Էլինա Բաբայանը պատիվ ունեցան նվագել կոմպոզիտորի դաշնամուրը, լավագույն ջութակահարն էլ` Մանե Հովհաննիսյանը, նրա ջութակը: Պատանի երաժիշտներին ողջունեց և վկայագրեր հանձնեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նշենք, որ արարողությունն ունի արդեն 23 տարվա պատմություն և անցկացվում է Սպենդիարյանի անունը կրող երկու մշակութային հաստատությունների` տուն-թանգարանի և երաժշտական դպրոցի համագործակցությամբ:
Նոյեմբերի 1-ին` կոմպոզիտորի ծննդյան օրը, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհեցին մի քանի սերնդի երաժիշտներ` դպրոցականից մինչև մշակույթի վաստակավոր գործիչներ, ինչպես նաև նրա արվեստն ու գործը գնահատող քաղաքացիներ: Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի քանոնահարները (դասատու` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան) հենց օպերային թատրոնի բակում հնչեցրին կոմպոզիտորի «Երևանյան էտյուդներ» սյուիտից «Հիջասը»:
Զուգահեռաբար Ավանի Մշակույթի տանը գործող «Ռադիո մշակույթ»-ի պատանի լրագրողներն իրենց ղեկավարի` Սոնա Նաջարյանի հետ տարածքում իրականացրին ֆլեշ մոբ. նախապես իրենց տրամադրված հարցաշարի հիմքով Սպենդիարյանին առնչվող հարցումներ անցկացրին անցորդների հետ: Ֆլեշ մոբը կազմակերպվում է տուն-թանգարանի նախաձեռնությամբ, սկսնակ լրագրողների համար: Հարցումների արդյունքում պատրաստված փոքրիկ ռեպորտաժներից լավագույնը կարժանանա մրցանակի թանգարանի կողմից: