Ինչպիսի՞ արձագանք կլինի Հայաստանից ԱՄՆ սենատոր Գրահամի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վրա վետո դնելուց հետո: Կոնգրեսի ստորին պալատում թիվ 296 փաստաթուղթը գրեթե միաձայն հաստատվելուց հետո, սակայն, սենատոր Գրահամը սառը ջուր լցրեց հայկական խանդավառության վրա՝ կանխելով վերին պալատ Սենատում հաստատվելու եւ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչած լինելու հնարավորությունը:
Սենատոր Գրահամն, ի դեպ, համարվում է նախագահ Թրամփի մտերիմը, ամերիկյան օրենսդրությամբ նա այդ իրավունքն իհարկե ուներ, բայց այստեղ ուշագրավն այն է, որ այդ իրավունքը կիրառեց Սպիտակ տանը Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից հետո:
Ավելին, ամերիկացի սենատորի հանդգնությունը հատեց սահմանը, հայտարարեց , թե որոշումն ընդունելիս առաջնորդվել է ոչ թե անցյալով, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով: «Սենատորները չպետք է վերաշարադրեն պատմությունը եւ այն ներկայացնեն այնպես, ինչպես չի եղել»,-հայտարարեց հանրապետական սենատորը: Իսկ մինչ այդ պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտարարել է. «Ես հավատում եմ, որ Սենատը խելամիտ կգործի եւ չի կրկնի Ներկայացուցիչների պալատի սխալը»:
Թուրքիայի նախագահը կրկնել է թուրքական ծամծմած թեզը, թե հարցը պետք է պատմաբանները քննեն: «Հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պետք է որոշում կայացնեն: Մենք թաքցնելու ոչինչ չունենք եւ հայկական կողմին առաջարկել ենք փոխադարձաբար բացել արխիվներն ու պատմական հանձնաժողով ստեղծել: Հուսով եմ՝ Սենատը դուրս կբերի Ամերիկան այս սխալ ճանապարհից»,-ասել է Թուրքիայի նախագահը: Ինչպե՞ս կարձագանքի Էրդողանի այս ճակատային ստին պաշտոնական Երեւանը, եթե մեր արխիվները երբեւէ փակ չեն եղել, դրանք միշտ են բաց եղել:
Որքանո՞վ է տեղեկացված սենատոր Գրահամը պատմությունից, տեղեկանալիս ինչպիսի՞ աղբյուրներից է օգտվել, երբ իր հայտարարություններում պատմությանն է հղումներ անում,թե՞ Թուրքիայի վրա ամերիկյան ճնշման եզրագիծը բանաձեւը միայն Ներկայացուցիչների պալատում հաստատելն էր` մոռանալով, որ փաստաթուղթը 1,5 մլն հայերի անմեղ արյան մասին է:Սրանք անպատասխան հարցեր են: ՈՒ մինչեւ պարզ կդառնա պաշտոնական Երեւանի արձագանքը, ամերիկահայերը քրդերի եւ հույների հետ նախօրեին բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մերձակայքում` «Էրդողանն ահաբեկիչ է, մարդասպան, ո՛չ ցեղասպանությանը» կարգախոսներով: