Դատախազությունը ներկայացրել է Շիրակի մարզի դպրոցներում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Ի դեպ, նշենք, որ հափշտակված գումարները միլիոնների են հասնում։
Շիրակի մարզի դպրոցներում բացահայտվել են տարբեր հաստիքների վրա գրանցված, աշխատավարձ ստացող, բայց աշխատանքի չհաճախող անձինք։
Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, բացահայտված փաստերով 3 դպրոցի վերաբերյալ արդեն հարուցվել են քրեական գործեր։ Գյումրու թիվ 24 հիմնական դպրոցում 2014-2018թթ. տարբեր ժամանակահատվածներում որպես գործավար, հավաքարար, գրադարանավար և տնտեսվար գրանցված անձինք աշխատանքի չեն հաճախել, իսկ բակապահի հաստիքով կես դրույքով աշխատանքի ընդունված անձը 1 ամիս աշխատանքի չգալուց հետո գնացել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Այդ կեղծիքների արդյունքում հափշտակված և յուրացված գումարը կազմել է 3 մլն դրամ։
Մեծ Սարիար գյուղի դպրոցում էլ համակարգչային օպերատոր գրանցված անձը 2017թ. օգոստոսից մինչև 2019թ. փետրվար աշխատանքի չի հաճախել, բայց այդ ընթացքում ստացել է 1.4մլն դրամ գումար, նրան ևս տրամադրվել է նախածննդյան, հետծննդյան, ապա երեխայի խնամքի արձակուրդ:
Դպրոցում կատարած հափշտակությունների մասով ArmLur.am-ը զրուցել է Մեծ Սարիար համայնքի 64 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Ասյա Գևորգյանի հետ:
«Աշխատողը երկրում չի եղել Մոսկվայում է եղել, որպես լավություն պահակի փոխարեն իր տան անդամներից մեկ է եկել դպրոցի դուռը փակել: Գումարի մասին ընդհանրապես տեղյակ չեմ, փորձել եմ մարդասիրաբար օգնել, այդպես է ստացվել: Մարդիկ ասել են, որ իրենք գումարները ստացել են: Քննիչն ինձ կանչել է, գնացել ներկայացրել եմ , թե ինչը ոնց է եղել: Ինձ ասացին գործի հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք, բայց արդեն բավականին երկար ժամանակ է անցել տեղեկություն չունեմ»,-պատմեց մեր զրուցակիցը:
Ըստ դպրոցի նախկին տնօրենի՝ նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն, միևնույն ժամանակ նշում է, որ փոքրիկ գյուղ է, ցանկացել է ընդամենը օգնել համագյուղացուն:
Հավելենք, որ դատախազությունը խոստանում է, որ այս փաստերը չարաշահումների միայն մի մասն են, ու որ ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ։
Լիդա Եղիազարյան