Թեժ իրավիճակ. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` որքան էլ որ երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամները փորձում էին լրագրողներին հավաստիացնել, թե նիստն անցել է սիրո մթնոլորտում, միեւնույնն է, մեր աղբյուրները պնդում են, որ այն ի սկզբանե շատ լարված է եղել:

Ըստ մեր տեղեկությունների` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ովքեր նաեւ համատեղությամբ գործկոմի անդամ են, հենց նիստի մեկնարկին «ատամ են ցույց տվել», ինչին ի պատասխան` արդեն ՀՖՖ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանել է, թե չփորձեն ինչ-որ ճնշումների միջոցով հասնել իր հրաժարականին. եթե դա տեղի ունենա, ապա դա կլինի միայն իր կամքով: Իշխանության ներկայացուցիչները, ովքեր գործկոմի անդամներ են ու գնացել են նիստին Վանեցյանի հրաժարականի նպատակով, հայտարարել են, թե իրենց օրակարգում նման հարց չկա:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին ՀՖՖ գործկոմի դռնփակ նիստից բացառիկ տեղեկություններ են հասել: Ըստ նույն տեղեկությունների` գործկոմի անդամներից հատկապես իշխանական պատգամավորները հենց նիստի սկզբում փորձել են Արթուր Վանեցյանից պարզել, թե ինքն ինչ դիրքորոշում ունի ֆեդերացիայի հետագա ղեկավարման հետ կապված: Իսկ Վանեցյանն էլ հայտարարել է, որ ինքն իր կամքով պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե իրենք խոստանան, որ գործկոմի բոլոր անդամները հրաժարական են տալու: Երկար բանակցությունից հետո գործկոմի անդամները հայտարարել են, թե իրենք եւս հրաժարական կներկայացնեն:

Երեկ նիստը տեւեց մոտ երեք ժամ, որից, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, մեկուկես ժամը տրամադրվել է այն տեքստին, որը պետք է հայտարարեր ՀՖՖ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով` նիստի ընդմիջման ժամանակ իշխանական թեւը փորձել է Վանեցյանից պարզել, թե եթե այլեւս ֆեդերացիան չղեկավարի, ինչ գործունեությամբ է զբաղվելու: Վանեցյանն էլ ի պատասխան հայտարարել է. «Ինչով կուզեմ, դրանով էլ կզբաղվեմ»: Իշխանական հատվածը փորձել է ՀՀ վարչապետի անունից Վանեցյանին հասկացնել, թե պետք չէ, որպեսզի ինքը քաղաքականությամբ զբաղվի, ակնարկել են, թե իրենց առաջնորդին մենակ թողեց, Վանեցյանն էլ փոխանցել է, թե ի՛ր հետ է վարչապետը վատ վարվել:

Ինչեւէ, նիստից հետո ՀՖՖ գործկոմի բոլոր անդամները` Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, դուրս եկան, ու Վանեցյանը հայտարարեց, որ ինքը որոշում է կայացրել ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին: Ակնհայտ էր, որ գործկոմի անդամները շատ լարված էին ու, ականջները չորս արած, շունչները պահած, սպասում էին, թե արդյոք այն, ինչ պայմանավորվել են, դա է հայտարարելու Վանեցյանը:

Ու դրանից հետո գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Պետք է ֆիքսել, որ պարոն Վանեցյանի հրաժարականը եղել է ֆուտբոլային, եւ գործկոմը ողջունել է պարոն Վանեցյանի՝ պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը, բայց, միաժամանակ, գործկոմը իր պատասխանատվությունն է գիտակցում ֆուտբոլի առողջացման գործում, եւ առաջիկա մեկ ամիսը գործկոմի միակ գործն է լինելու ՀԿ-ների ցուցակը մաղելը»:

Վանեցյանն էլ հայտարարեց` եթե իրենց հարաբերությունները լարված լինեին, բոլորն իրար կողք կանգնած չէին լինի․«Եկեք չքաղաքականացնենք. թե քաղաքական դաշտում ով ինչ հայտարարություն կանի եւ ինչ գործունեություն կծավալի, յուրաքանչյուրի անձնական գործն է։ Մենք այստեղ քննարկել ենք բացառապես ֆուտբոլային հարցեր։ Ես եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել թողնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որովհետեւ ինչ-որ մեկը պետք է վերցներ պատասխանատվությունը այն պարտության, որ մենք կրեցինք Իտալիայի հավաքականից։ Ես այդ պատասխանատվությունը վերցեցի իմ վրա»:

ՆՅՈՒԹԸ` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս